«Մի օր ուղղակի կգամ և կմնամ Հայաստանում». Շպռոտը` Հայաստան գալու պատճառի և մայրիկի հետ հուզիչ հանդիպման մասին
Երգչուհի Շպռոտն այս շրջանում Հայաստանում է: Tert.am Life-ի հետ զրույցում երգչուհին ասաց, որ համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ այս տարի Հայաստան գալու հույս չուներ, բայց ստացվեց:
«Միացյալ Նահագներից մեկնել եմ տրանզիտ երկիր` Դուբայ, հետո Հայաստան, այդ ընթացքը 31 ժամ տևեց: Այս տարի հույս չունեի գալ Հայաստան: Փառք Աստծո, թռիչքներ ավելացան և ընկերուհիս` Արգինեն, համոզեց ինձ Հայաստան գալ, ինչի համար շնորհակալ եմ նրան: Օդանավակայանում ինձ դիմավորեցին բարեկամներս ու ընկերներս»,-ասաց նա ու հավելեց, որ Հայաստանում կլինի մինչև սեպտեմբերի 30-ը:
Երգչուհին մեկնելուց առաջ կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը բացասական է եղել. «Եվս մեկ թեստ հանձնել եմ Հայաստանում, որպեսզի 14 օր ինքնամեկուսանալու կարիք չլինի: Երեկոյան կիմանամ թեստի պատասխանը, բայց ինքնազգացողությունս լավ է, վիրուսին բնորոշ ախտանիշներ չունեմ»:
Շպռոտը նշեց, որ այս անգամ ևս Հայաստան գալու պատճառն անասելի կարոտն էր. «Շատ էի կարոտել հայրենիքս, հարազատներիս, ընկերներիս, Երևանի շունչը: Հենց այս պահին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին եմ նայում: Օվկիանոսից այն կողմ կյանքը տարբերվում է, մերն ուրիշ է: Մարդիկ Հայաստանում ավելի ակտիվ են, ջերմ, զարգացած, հետաքրքիր: Երբ հետ եմ գնում Միացյալ Նահանգներ, օդանավակայանից զգում եմ տարբերությունը, մարդիկ անտարբեր են»:
Երգչուհու խոսքով` հատկապես հուզիչ են լինում իր և մայրիկի հանդիպումները. «Իմ ու մայրիկիս հանդիպումները միշտ են հուզիչ: Մայրիկիս հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյան թանկ է ու սիրով լի, նրա հետ ապահով է: Մայրիկիս պատրաստած թփով տոլման շատ էի կարոտել, արդեն հասցրել եմ ուտել, քանի որ իմ գալուց 3 օր առաջ մայրս նախապատրաստվում էր: Հուսամ` շուտով մայրս էլ կգա Միացյալ Նահագներ, բայց չեմ ուզում ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատի, քանի որ Հայաստանում իր համար ավելի հետաքրքիր է»:
Հարցին՝ Հայաստան գալուց հետո Միացյալ Նահանգներ վերդառնալիս հե՞շտ է հարմարվում, երգչուհին պատասխանեց. «Երբ Հայաստան եմ գալիս, ցանկություն է առաջանում այստեղ մշտական բնակվել: Ինձ թվում է՝ մի օր ես ուղղակի կգամ և կմնամ, բայց այս պահին խանգարող հանգամանքներ կան, չեմ կարող: Հայաստանում իմ կյանքն ավելի անհոգ է, թեթև»:
Ավելին՝ այստեղ