Մոլորակի վրա հելիում գազը սպառվում է. կթանկանա ինտերնետը, կվերանան ....
Այն, որ մեր մոլորակի վրա հելիումի պաշարները ձգտում են 0-ի, գիտնականների կողմից ապացուցված փաստ է: «Եվ ի՞նչ»,- կմտածեք շատերդ: Իրականում հելիումը շատ կարևոր և անհրաժեշտ գազ է, որի բացակայությունը վատ հետևանքներ կթողի մարդկության ու մոլորակի վրա:
Կվերանան շտրիխ-կոդերը
Քչերն են տեղյակ, որ այս գազին մենք առնչվում ենք ամեն օր: Օրինակ՝ խանութներում աշխատող գանձապահներն ունեն սքաներներ, որոնցով կարդում են շտրիխ-կոդերը: Այդ սքաներներում տեղադրված են հելիումանեոնային լազերներ: Դրանք մեծ տարածում ունեն, քանի որ մատչելի են և արդյունավետ են գործում: Լազերներն օգտագործվում են նաև օպտիկայում, կենսաբժշկական ինժեներիայում, հոլոգրաֆիայում, մետրոլոգիայում և այլուր:
Կանհետանան դիրիժաբլերը
Թվում է՝ այս տրանսպորտային միջոցները վաղուց գոյություն չունեն, սակայն դա այդպես չէ: Դիրիժաբլերը շատ են, այդ թվում նաև՝ անօդաչուները: Վերջիններս ունակ են օդի ամենավերին շերտ բարձրանալու՝ փաստացիորեն սահմանակցելով տիեզերական տարածությանը, և կարևոր առաջադրանքներ կատարելու: Դրանց շարժման համար օգտագործվում է հելիումը, քանի որ չի տաքանում և առավելագույնս անվտանգ է: Եթե այն փոխարինենք, օրինակ, ջրածնով, ապա պայթյունի հավանականությունը շատ կմեծանա:
Դեպի Տիեզերք թռիչքներ վտանգավոր կդառնան
NASA-ն ամեն տարի օգտագործում է նվազագույնը մի քանի միլիոն խորանարդ մետր հելիում: Երբ հրթիռը տաքանում է, գազն օգնում է նրան կայուն պահել ճնշումը: Հելիումը հարկավոր է նաև շարժիչների մաքրման և մի շարք այլ գործողություններ կատարելու համար: Իհարկե, եթե հելիում չլինի, դեպի Տիեզերք թռիչքները չեն դադարի, սակայն դրանց արդեն իսկ աստղաբաշխական արժեքները մի քանի անգամ ավելի կբարձրանան:
Կբարձրանան համակարգիչների և ինտերնետ կապի գները
Օպտիկամանրաթելային կապն այսօր իր հայտնիության գագաթնակետին է: Դրա մալուխները արտասովոր փխրուն են, և դրանց անվտանգությունն ապահովելու համար կիրառում են հելիում գազ: Հարաբերականորեն վերջերս այս գազն սկսել են օգտագործել կոշտ սկավառակների ամրությունը մեծացնելու համար: