Գերատեսչությունները նախընտրում են գնումներ կատարել «ՍԱՍ գրուպից». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Պետական մարմինների կողմից իրականացվող գնումների մի մասն իրականացվում է մեկ անձից կատարվող գնումների շրջանակներում, որի ցանկը հաստատված է կառավարության որոշմամբ: Դրանք վերաբերում են այն ապրանքներին կամ ծառայություններին, որոնք իրականացվում են հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության հիմքով:
Որոշման մեջ ներառված 32 «դեպքերից» մեկ անձից գնումներ կարող են կատարվել հատուկ կամ բացառիկ իրավունքի, մինչև 1 մլն դրամ գնում կատարելու, ինչպես նաև հրատապության հիմքերով պայմանավորված: Վերջին գնումը կազմակերպվում է էլեկտրոնային համակարգի միջոցով: Բացառիկ իրավունքով մեկ անձից կատարվող գնումները վերաբերում են գազի, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման ծառայություններին: Մեկ անձից կատարվող գնումների ցանկում են նաև հիվանդանոցային բուժօգնության, պատվիրակությունների ժամանակ կատարվող ներկայացուցչական ծախսերը, հանրային ծառայության շաբաթաթերթում թափուր պաշտոնների, մրցույթների, հայտարարությունների հրապարակման հետ կապված ծախսերը, ինչպես նաև բանկային սպասարկման, փոստային ծառայությունները: Մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով է իրականացվում նաև ինչպես ՀՀ շքանշանների, մեդալների և դրանց տուփերի պատրաստման ծառայությունների մատուցումը, այնպես էլ գերատեսչությունների ու պետական հիմնարկությունների հաշվեկշռում առկա ավտոմեքենաների ապահովագրության հետ կապված ծախսերը: Սա ընդհանրապես, իսկ մասնավորապես՝ պարզվում է մեկ անձից գնումներ իրականացնելու ժամանակ, թե՛ գերատեսչությունների ճաշակներն են տարբեր, թե՛ նախասիրությունները:
Օրինակ՝ Սփյուռքի նախարարությունը 2016–ի հունիսին «ՍԱՍ գրուպից»–ից է 63 հազար դրամի հուշանվերներ ձեռք բերել: Էկոնոմիկայի նախարարությունն էլ «ՍԱՍ գրուպից» անցյալ տարվա ընթացքում ընդամենը 13 հազար 940 դրամի միրգ է գնել: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը անցյալ տարվա հունիսին նույն «ՍԱՍ գրուպ»–ից ընդամենը 47 հազար 490 դրամի գնում է կատարել, իսկ Արտաքին գործերի նախարարությունը կրկին անցյալ տարի, բայց միայն դեկտեմբեր ամսին մեկ օրում «ՍԱՍ գրուպից» առանց ՀԴՄ կտրոնի կատարել է 491 հազար 600 դրամի, իսկ ՀԴՄ կտրոնով՝ 118 հազար 701 դրամի գնում, սակայն ինչպես Էներգետիկայի ու բնական պաշարների, այնպես էլ ԱԳՆ–ի դեպքում պարզ չէ, թե այդ գումարի դիմաց իրենք ինչ են գնել:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր գնումները կատարել է ոչ թե «ՍԱՍ գրուպից», այլ «Ալեքս Գրիգ»–ից` ծախսելով 115 հազար 780 դրամ գումար: Այսքանով անշուշտ չեն ավարտվում գերատեսչությունների ներկայացուցչական ծախսերը: Առաջիկայում մենք կներկայացնենք նաև, թե անցած՝ 2016 թվականի ընթացքում մյուս գերատեսչությունները որ ընկերություններին են նախապատվություն տվել և ինչքան գումար են ծախսել գնումներ կատարելու վրա:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: