«Համոզված եմ, որ շատ շուտով նրանք կսկսեն իրենց տներում նաև կորոնավիրուսով պացիենտների բուժել». Կարևոր հայտարարություն բժշկից
Բժիշկ Նարեկ Մատինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Երեկվա հարց-հանելուկի պատասխանը: Հիմա ինչ ասեմ կխնդրեմ ուշադիր կարդալ: Ու ոչ միայն կարդալ, այլ նաև հստակ հետևություններ անել: Ցավոք սրտի վերջերս ավելի հաճախ եմ լսում արտահայտությունը «մենք հիվանդանոցում չենք բուժվում», «մեր բժիշկը պրոֆեսոր է, բայց տանն է աշխատում»:
Ու երբ հետաքրքրվում եմ, թե «տանը» աշխատող «պրոֆեսորը» ինչ բուժման մեթոդ է կիրառել, պարզվում է, որ խոսքը «սիսեռաբուժության», «հյութաբուժության», «սպիտակնավթաբուժության», «սոդայաբուժություն» ու այլ անհասկանալի «բուժությունների» մասին է: Ես գիտակցում եմ, որ իմ մտքի հետ չեն համաձայնվի տվյալ ոլորտում գործունեություն ծավալող անձիք, կամ այն պացիենտներն, ովքեր ինչ-ինչ պատճառներով հավատում են նման մեթոդների արդյունավետությանը, բայց չգրել չեմ կարող, որովհետև տվյալ մեթոդներով բուժում են ամեն ինչ, կրկնում եմ ԱՄԵՆ ԻՆՉ: Ասեմ ավելին, հասկանում եմ, որ իմ գրածի տակ մեկնաբանություններ կգրեն նաև տվյալ մեթոդներով զբաղվող մարդիկ, կամ իրենց PR-manager-ները, ովքեր կփորձեն ինձ համոզել, որ ես սխալ եմ! Նախ նշեմ, որ տվյալ բնագավառի մարդիկ շատ լուրջ հոգեբաններ են, ովքեր հասկանում են դիմացի պացիենտի թույլ կողմերը ու ճիշտ ռազմավարություն ընտրելով կարողանում են ստանալ նրանց վստահությունը: Ես միգուցե չխոսեի, տեսնելով, թե ինչպես են նրանք բուժում թեթև գլխացավով, կամ ողնաշարի ցավ ունեցող պացիենտին, բայց երբ խոսքը գնում է քաղցկեղով, կամ այլ «դաժան» հիվանդություններով տառապող մարդկանց, որոնց մոտ սխալ կամ ուշացած բուժումը կարող է ճակատագրական լինել, ապա կներեք, բայց չեմ կարող լռել: Ասեմ ավելի գնալով այս մեթոդներն ավելանում են ու համոզված եմ, որ եթե ինչ-որ քայլեր չձեռնարկենք, ապա շուտով ամեն մեկը կկարողանա իր սիրած բառի կողքին ավելացնի բուժում բառը, ինքն իրեն հռչակի հարևան երկրներից մեկի գիտությունների դոկտոր ու սկսի մարդկանց սխալ ու անարդյունավետ «բուժման» ծառայություն մատուցելով` խաղալ նրանց ճակատագրերի հետ:
Այդպիսի մարդիկ շատ կրեատիվ են, նրանք հստակ հասկանում են այսօրվա խնդիրները, ու ճիշտ ընտրություն կատարում, թե որ հիվանդությունն են իրենք բուժում: Համոզված եմ, որ շատ շուտով նրանք կսկսեն իրենց տներում նաև կորոնավիրուսով պացիենտների բուժել (եթե արդեն չեն սկսել), այդ իսկ պատճառով այսօր եմ բարձրացնում այս հարցը: Ես գիտակցում եմ, որ այս խնդրի լուծման համար պետք է համախնբվենք բոլորս, թե բժիշկներս, թե պետական համապատասխան մարմինները, թե գիտակցող ու սեփական առողջության մասին մտածող պացիենտները ու իրենց հարազատները: Չեմ բացառում, որ որոշակի օրենսդրական միջամտություններ անելու անհրաժեշտություն նույնպես առաջանա: