Իշխանությունը պահանջ է դրել, որ ԲԴԽ նախագահը դիմում գրի և հեռանա համակարգից․ «Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները պահանջ են դրել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմում գրի եւ հեռանա համակարգից: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատճառն այն է, որ Վարդազարյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: Ու դա է պատճառը, որ իշխանությունները չեն ընդունում Վարդազարյանին, ու հստակ է, որ նա եւս պետք է առաջիկայում հրաժեշտ տա: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունները ճշտել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից, որը հայտարարեց, թե ինքը նման տեղեկություն չունի:
Գաղտնիք չէ, որ դատավորները, այդ թվում՝ ԲԴԽ անդամները, այսպես ասած, վեթթինգի են ենթարկվելու, կամ ինչպես իշխանության անդամներն են սիրում ասել, ստուգվելու է նրանց ունեցվածքը, բարեվարքությունը: Սակայն, մյուս կողմից, նրանք չեն ցանկանում այդքան երկար սպասել, մինչ գործընթացը կսկսվի, եւ փորձում են համակարգը «մաքրել» նախ այլ մեթոդներով եւ ճնշել նախկին իշխանությունների հետ կապեր ունեցող դատավորներին: ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նրանցից մեկն է: Վերջինիս «ամենաբացասական» կողմն էլ Արթուր Վանեցյանի հետ մտերիմ լինելն է»:
Շարունակություն