Ինչպե՞ս ազատվել գլխացավանք դարձած ցեցից
Մենք գիտենք, որ...
Ցեցի թիթեռը ուտում է հագուստը:
Իրականում այդպես չէ:
Հագուստը փչացնողը ոչ թե թիթեռն է, այլ նրա թրթուրը: Ցեցը ցածրակարգ թիթեռների ընտանիքի ընդհանուր անվանումն է։ Հայտնի է դրանց ավելի քան 15 հազար տեսակ։ Հայաստանում տարածված է դրանց ավելի քան 30 տեսակ: Սրանք փոքր կամ միջին չափի (4–25 մմ) թիթեռներ են՝ նուրբ ծոպավոր թևերով։ Թևերի բացվածքը 6–60 մմ է։ Գլուխը ծածկված է երկար մազիկներով։ Առջևի թևերը երկար ու նեղ են, հետևիններն ունեն մազիկներից կազմված լայն ծոպեր։ Հասուն թիթեռները շատ ակտիվ են, ունակ են անցնել փոքր ճեղքերով և թռչել բավականին հեռավորություն՝ մինչև 800 մետր: Էգը մոտավորապես 40–100 ձու է դնում խոնավ վայրում պահպանվող հագուստի ծալքերում: Ձվերի զարգացումը, կախված եղանակային պայմաններից, տևում է 7–37 օր: Ձվից դուրս է գալիս թրթուրը, որը և հանդիսանում է հագուստի փչացնողը: Սրանք սպիտակադեղնավուն են, կիսաթափանցիկ և ունենում են մինչև մեկ միլիմետր երկարություն, արդեն սնված և զարգացած թրթուրը ունենում է մինչև 12 միլիմետր երկարություն, բերանի կառուցվածքը հարմարեցված է սնունդը կծելու և մետաքսյա պատյան հյուսելու համար (հարսնյակ դառնալու ժամանակ): Թրթուրները իրականում չեն ուտում ո՛չ կտորը և ո՛չ էլ բուրդը, նրանք ընդամենը կտորի մեջ կրծելով ուղիներ են բացում, որ հասնեն կտորեղենի մեջ առկա սննդային մնացորդներին՝ ճարպերին և սպիտակուցներին, որոնց միկրոսկոպիկ մնացորդները միշտ էլ առկա են լինում բնական հումքով հագուստեղենի թելիկների վրա: Այս թրթուրներին շատ դժվար է նկատել հագուստի մեջ, ավելի շուտ երևում են նրանց կողմից ստեղծված «ուղիները»: Ցեցը սովորաբար վնասում է բրդյա և բամբակյա հագուստը, մուշտակները, կաշին, գորգերը, կտորները, ալ յուրն ու ձավարեղենը, չիրն ու սունկը: Այն, որ տանը ցեց կա, սովորաբար ուշացումով ենք հայտնաբերում, երբ տեսնում ենք ցեցի թիթեռներն ու արդեն փչացած ապրանքը: Տանը թռչող թիթեռն ուղղակի վկայում է այն մասին, որ տան մի անկյունում ցեցի բույն կա:
Ցեցի դեմ պայքարելու համար քիմիական միջոցներ կան, որոնցից բոլորը չէ, որ արդյունավետ են, իսկ դրանցից մի քանիսը կարող են նույնիսկ թունավոր ու վտանգավոր լինել ալերգիկների համար: Այդ քիմիական նյութերը հաճախ թիթեռներին են սպանում, այլ ոչ թե թրթուրներին, հատկապես, եթե վերջիններս պահարանի մի անկյունում են ապրում: Իսկ ուժեղ ազդեցություն ունեցող քիմիական նյութերը վտանգավոր են հենց
մարդու առողջության համար, այնպես որ, այն տանը ցանելն այնքան էլ լավ գաղափար չէ: Իսկ ցեցերի դեմ այդ միջոցներով խոհանոցում պայքարելը կտրականապես արգելված է: Իսկ ինչպե՞ս ազատվել ցեցից ժողովրդական մեթոդներով: Նախ` շատ ավելի հեշտ է ցեցի առաջացումը կանխելը: Այնպես որ, հագուստը պահարանում երկար ժամանակով դնելուց առաջ պետք է մաքուր լվանալ: Ցեցը հիմնականում առաջանում է կեղտոտ հագուստի մեջ: Պահարանները պետք է հաճախ օդափոխել, ձմռան հագուստն ու գորգերն էլ հաճախ արևի հանել: Պահարաններում, որտեղ բրդյա հագուստ, տաք սվիտերներ, վերարկուներ ու գլխարկներ եք պահում, կիտրոնի կամ նարնջի չորացրած կեղևներ, նարդոսի սերմերով թանզիֆից պարկեր, օշինդրի, խնկենու ու խորդենու ճյուղեր, արևքույրիկի ծաղիկներ ու տերևներ կամ էվկալիպտի տերևներ դրեք: Կարևոր է ժամանակ առ ժամանակ դրանք թարմացնելն ու նորը դնելը: Ցեցը տանել չի կարողանում նաև սովորական թարմ օճառի հոտը: Տանտիրուհիները սպիտակեղենի արանքում օճառ դնում են ոչ միայն նրա համար, որ տհաճ հոտ չընկնի նրանց մեջ, այլ նաև ցեցից պաշտպանելու համար: Հատկապես արդյունավետ է ելակի օճառը: Եվ վերջում, հիշեք, որ ցեցն ավելի արագ բազմանում է տարվա տաք եղանակին: Լավ է, եթե հագուստն ու մթերքը սառը տեղում պահելու հնարավորություն կա. այդպես դրանք ավելի ապահով կլինեն ցեցից: