Իսկ դուք թեյը խմո՞ւմ եք, թե՞ ուտում
Մենք գիտենք, որ...
Թեյը միայն ըմպելիք է:
Իրականում այնքան էլ այդպես չէ:
Թեյը, բացի այն, որ լավ ըմպելիք է, նաև օգտագործվում է տարբեր այլ ոլորտներում: Թեյը (չիներեն – «չա»), անուշաբույր ըմպելիք է, որը սովորաբար պատրաստվում է տաք կամ եռացող ջրի մեջ թեյի թփի տերևները թրմելուց։ Թեյի թուփը թեյազգիների ընտանիքի կամելա տեսակի մշտադալար բույս է՝ ասիական ծագմամբ։
Դեռևս շատ վաղ ժամանակներից հայտնի է եղել թեյի բակտերիոցիդ հատկությունը, որը ներկայումս հաստատված է փորձնական հետազոտություններով: Անգամ այն ժամանակ թեյի տերևները ըմպելիքի տեսքով օգտագործելուց բացի օգտագործվել են նաև չոր փոշու, մզվածքի (էքստրակտի) կամ թուրմի (սպիրտի օգտագործումով) տեսքով խոցերի, այրվածքների, աչքերի վարակների ու այլ հիվանդությունների բուժման նպատակով: Ժամանակակից դեղագործական արդյունաբերությունը թեյի տերևներից (նաև թեյարտադրության թափոններից) ստանում է կոֆեինի և վիտամին P–ի դեղանյութեր: Թեյի մզվածքը օգտագործվում է բժշկությունում որպես հանգստացնող և ցավազրկող միջոց՝ որոշ դեպքերում անգամ փոխարինելով մորֆինին:
Թեյը Չինաստանում և մի շարք այլ երկրներում օգտագործվում է խոհարարության մեջ ոչ որպես ըմպելիք: Թեյի տերևների չոր փոշին Չինաստանում և վերջինիս հարակից շատ երկրներում օգտագործվում է որպես համեմունք: Հետաքրքիր է, որ Չինաստանում և Բիրմայում այս համեմունքը հաճախ խոհանոցում օգտագործվում է սխտորի հետ խառնած վիճակում: Այս համադրությամբ ոչ միայն համատեղվում են թեյի և սխտորի սննդարար և բակտերիոցիդ հատկությունները, այլ նաև թեյը չեզոքացնում է սխտորի տհաճ հոտը, որը շատերը չեն սիրում: Բիրմայում թարմ թեյի տերևները հում վիճակում օգտագործում են որպես «կանաչեղեն», իսկ Տիբեթում լցնում են ապուրների մեջ: Բացի այդ, որոշ երկրներում թեյի տերևներից թթու են պատրաստում, որին Տիբեթում անվանում են լեպպետ–սո, իսկ Թայլանդում՝ միանգ: Թթվի այս տեսակները պատրաստելու համար վերցնում են թեյի թարմ տերևները, թեթևակի եփում, մի քանի րոպե չորացնում, ապա դարսում բամբուկի բներից պատրաստված անոթի կամ հաստ բամբուկի բների դատարկ միջուկների մեջ: Տերևների զանգվածը հետագայում մամլվում է դրանց վրա տեղադրած ծանրությունների միջոցով: Այս վիճակում թեյի թթուն պահպանվում է անգամ մինչև մեկ տարի: Ուտելուց առաջ այն մի քանի րոպե եփում են թեթև աղաջրի մեջ:
Թեյի տերևները օգտագործվում են նաև սննդի և օծանելիքի արտադրություններում՝ դրաժեների, մարմելադների, մազի ներկերի և այլնի արտադրության համար: Թեյից կարելի է ստանալ դեղին, կանաչ և դարչնագույն ներկեր: Այս ներկանյութերի առավելությունն այն է, որ դրանք միանգամայն անվնաս են մարդկանց օրգանիզմի համար, ավելին՝ դրանք պարունակում են վիտամին P:
Թեյի թփի սերմերից սառը մամլման միջոցով ստանում են թեյի յուղ: Այն օգտագործվում է ճշգրիտ գործիքաշինության մեջ, իսկ սննդի մեջ այն կարող է փոխարինել ձիթապտղի յուղին, որոշ դեպքերում այս յուղից օճառ են ստանում, ի դեպ՝ ստացվում է շատ բարձրորակ օճառ շնորհիվ նրա, որ թեյի յուղը պարունակում է լավ լվացող հատկություններ և բակտերիոցիդ էֆեկտ ունեցող սապոնին: Այս յուղը օգտագործվում է նաև օծանելիքի արտադրության մեջ, իսկ գինեգործության մեջ այն օգտագործվում է փայտյա տակառները յուղելու համար. տակառները կայունություն են ձեռք բերում հոտերի և խոնավության նկատմամբ: Չինաստանում թեյի թփի սերմերը փոշու տեսքով օգտագործվում են որպես այգիներում և դաշտերում վնասատուների դեմ պայքարի միջոց:
Կամո Խաչիկյան