Հյուրանոցային օբյեկտների հասույթի 80 %-ը Երևանում է
Վերջին մի քանի տարիներին Հայաստանում ավելացել է հյուրանոցային ծառայություններ մատուցող կազմակերպությունների թիվը: Ազգային վիճակագրական ծառայության կայքում հրապարակված վիճակագրությունը վերաբերում է վերջին երեք տարիներին՝ 2015, 2016 և 2017:
Եթե 2015 թ. հյուրանոցների ու հյուրատների քանակը 474-ն էր, ապա 2016 թ.-ին՝ 549, իսկ ևս մեկ տարի անց՝ 556: Ընդ որում, հյուրանոցային տնտեսության օբյեկտների ճնշող մեծամասնությունը տեղակայված է Երևանում: Հյուրանոցների թիվը մայրաքաղաքում 2015 թ. կազմել է 274, 2016-ին՝ 302, իսկ նախորդ տարի՝ 320:
Հյուրանոցային ծառայություններ մատուցող կազմակերպությունների հասույթը 2015 թ. կազմել է 22 միլիարդ 127 միլիոն 200 հազար դրամ, 2016-ին՝ 22 միլիարդ 960 միլիոն, իսկ 2017-ին՝ 28 միլիարդ 427 միլիոն դրամ: Թեև այս օբյեկտների միայն կեսից մի փոքր ավելին է մայրաքաղաքում գործում, սակայն հասույթի առյուծի բաժինը ստացվում է հենց այստեղ: Մասնավորապես, միայն նախորդ տարի Երևանի տարածքում գտնվող հյուրանոցային տնտեսություններն ունեցել են 22 միլիարդ 825 միլիոն 300 հազար դրամի հասույթ, ինչը ամբողջ հասույթի 80 %-ն է կազմում: Նույն պատկերն է դիտվել նաև նախորդող երկու տարիներին, համապատասխանաբար՝ 18 միլիարդ 577 միլիոն և 18 միլիարդ 560 միլիոն դրամ:
Հյուրանոցների թվի աճին զուգահեռ ստեղծվել են աշխատատեղեր և ավելացել հյուրանոցային տնտեսության օբյեկտների աշխատողների տարեկան միջին ցուցակային թվաքանակը: Այսպես, 2015 թ. հյուրանոցների աշխատակազմում ընդգրկված է եղել 3445, 2016-ին՝ 3635, իսկ 2017-ին՝ 4093 մարդ: Ընդ որում, կրկին Երևանն է առաջատար աշխատակիցների թվաքանակով: Միայն նախորդ տարի Երևանի տարբեր հյուրանոցներում աշխատել է 2920 քաղաքացի: Իսկ 2016 և 2015 թվականներին համապատասխանաբար՝ 2596 և 2592: Ստացվում է, որ թեև երկու տարի առաջ մայրաքաղաքում հյուրանոցների քանակ էր ավելացել, բայց աշխատակիցների թիվը ավելանալու փոխարեն կրճատվել էր:
2017 թ. հյուրանոցների համարների քանակը կազմել է 9521, որից 8987-ը հյուրանոցային օգտագործման համարներ են: Սրանցից 205-ը շքասենյակ է, 831-ը՝ լ յուքս, 1758-ը՝ կիսալ յուքս, իսկ մեծամասնությունը՝ 6193-ը, սովորական համարներ են:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ