«Բա դու ո՞ւր էիր» կամ` «քոմենթի պատիժը»
Ամիսներ առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը ասել էր` «Պնախարարից չենք վախում, կաթողիկոսից չենք վախում, գոնե Աստծուց վախենանք»: Հետո հավելել էր` ով զինվորի «տուշոնկա» գողանա, եթե դատախազը չպատժի, Աստված կպատժի: Ամիսներ հետո արդեն հայտնի դեպքով պատգամավորը իր խոսքը վերաձևակերպեց` և՛ Աստված, և՛դատախազը կպատժի:
Սեյրան Սարոյանը բոլորովին այլ առիթով էր սա ասել, ու թեև մեր թեման այլ երևույթի մասին է, բայց «պատժողների» ցանկը ավելանալու միտում ունի:
Հեղափոխությունից հետո հայաստանյան իրադարձությունների շուրջ հաճախ ենք զրուցում հայտնի մարդկանց հետ ու նրանց կարծիքները, տեսլականը հանձնում ընթերցողի դատին: Նրանց շարքերում մտավորականներ են, արվեստագետներ, քաղաքական գործիչներ: Այնուամենայնիվ, կա մի խումբ, որն այս փուլում առավել զգուշավոր է: Շատերը, ովքեր նախկինում նաև ակտիվ քաղաքական թեմաներով են իրենց կարծիքը հայտնել, հիմա զգուշանում են ու հրաժարվում կարծիք հայտնել:
Իսկ թե ինչի՞ց են զգուշանում ու խուսափում, ամենևին չեն թաքցնում:
Խոսքը ֆեյսբուքյան տիրույթում սուր մեկնաբանությունների «զոհ» չդառնալու զգուշավորության մասին է. «Հանկարծ հոդվածը տարածեք ու տակը գրեն` «բա դու ո՞ւր էիր», «բա դու առաջ…»: Իսկ առավել «շուստրիները» խուճուճ պատասխաններ են տալիս, անգամ կասկածի տակ դնում լրագրողի մասնագիտական որակները, խնդրում են հարցերը գրավոր ուղարկել, որ հարցերից կարողանան հասկանալ` իրեն հարց տվողը ուսանո՞ղ է, թե՞ լրագրող: Թեպետ ուսանող լրագրող լինելն էլ ամենևին վատ բան չէ: Սա` իմիջիայլոց:
Կա նաև խումբ, որի մեջ գտնվող անձանց ոչինչ չի խոչընդոտում խոսել. կամ արհամարհում են անհիմն, գուցեև հիմնավոր մեկնաբանությունները, կամ էլ, միգուցե, իրենք իրենց մեջ փորձում վերագնահատել, օրինակ, մտավորականի, հասարակական գործչի դերը ու փորձում նոր իրավիճակին համապատասխան ապրել:
Ինչևէ, փաստորեն, Աստծու, դատախազի պատիժներին ևս մեկն էլ ավելացավ` «քոմենթի» պատիժը: Իսկ դրանից բխող ֆոբիան հենց այնպես չէ: Իրականում հասարակությունն ամեն ինչ հիշում է ու մտապահում: Խոսքը ֆեյքերի ու էյֆորիկ վիճակներից դեռևս դուրս չեկածների անհիմն մեկնաբանությունների մասին չէ: Խոսքն անցյալը հիշեցնող գնահատականների մասին է:
Ինչպես ասում են` երկրում իրավիճակ է փոխվել: Առհասարակ, յուրաքանչյուրի կյանքում էլ կարող են իրավիճակներ փոխվել: Կարևոր է հետևյալը` ապրել այնպես, որ իրավիճակների փոփոխությունից հետո կարողանաս ասելիքդ բաց ճակատով ասել, որ հետո հասարակական պարսավանքի արժանանալու վախը չտանջի:
Իսկ ինչ վերաբերում է զգուշավորներին. միգուցե իսկապե՞ս դրական է նման կեցվածքը: Միգուցե իրենք էլ են վերագնահատել ինչ–որ բաներ, միգուցե հասկացել են, որ հասարակությանն իրենց խոսքն ասելու իրավունքը վաղուց կորցրել են: