Ինֆարկտի նշաններ, որոնց դեպքում հարկավոր է շտապօգնություն զանգահարել
Lifehacker.ru կայքը գրում է, որ ինֆարկտից հաճախ են մահանում, իսկ անդառնալի փոփոխություններ սրտում տեղի են ունենում նոպայից 20 րոպե անց։ Դա է պատճառը, որ հարկավոր է շատ արագ գործել։ Ինֆարկտն առաջանում է, երբ սրտամկանին չի բավարարում թթվածինը՝ այն սնուցող զարկերակների նեղացման արդյունքում։
Ինչպես հասկանալ, որ գործ ունեք ինֆարկտի հետ։ Հիմնական նշանը կրծքավանդակում ուժեղ ցավն է, որը երբեմն տարածվում է դեպի ձախ ձեռքը։ Ցավը կարող է տարբեր լինել։ Ցավի հետ վախ է առաջանում, անձը սկսում է անհանգստանալ, բռնում է սիրտը։ Կան նաև այլ նշաններ.
1. Անձին չի բավականացնում օդը, ինչպես ասթմայի դեպքում, բայց շնչառությունը լավացնող դեղամիջոցների ընդունման արդյունքում խնդիրը չի լուծվում։
2. Անձը թույլ է, գունատ, ձեռքերն ու ոտքերը սառն են։
3. Առիթմիա է զարգանում։
4. Ցավում է որովայնը, փսխում է սկսվում։
5. Անձը կորցնում է հավասարակշռությունը, թուլանում է։
Հիշեք, որ ինֆարկտը ճշգրիտ կարող են ախտորոշել միայն բժիշկները։
Ինչ անել։ Եթե կարծում եք, որ անձի մոտ ինֆարկտ է, հարկավոր է.
1. Շտապօգնություն զանգահարեք։ Հարկավոր է նրան որքան հնարավոր է շուտ հիվանդանոց հասցնել։
2. Նստեցրեք հիվանդին։ Նա պետք է կիսանստած դիրքում լինի։
3. Թուլացրեք անհարմար հագուստը։
4. Բացեք պատուհանը, որպեսզի թարմ օդ լինի։
5. Չափեք ճնշումը:
6. Փորձեք հանգստացնել հիվանդին։
7. Ժամանած բժիշկներին պատմեք՝ երբ, ինչպես է սկսվել նոպան, ինչից է բողոքել հիվանդը, արդյո՞ք ընդունել է դեղամիջոցներ, թե՞ ոչ։
Հիշեք, որ ինֆարկտն ախտահարում է հիմնականում 50 տարեկանից բարձր անձանց։ Այն կարող է առաջանալ նաև երիտասարդ տարիքում, հատկապես, եթե առկա է գենետիկ նախատրամադրվածություն։ Հիշեք, որ սրտի հետ լուրջ խնդիրների են հանգեցնում ծխելը, սերն ալկոհոլի նկատմամբ, բարձր զարկերակային ճնշումը, ավելորդ քաշը, սխալ սնունդը, նստած կենսակերպը։