«Վենդետայի դեմ պայքարելու ենք, բայց պատասխանատվությունից որևէ մեկը չի ազատվի».«Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանի գործով դատավարության ժամանակ մայիսի 8–ին դատարանը բավարարեց Ա. Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ՝ Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվեց։ Որպես խափանման միջոց ընտրվեց բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը։
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցի կարծիքով՝ Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ ընդունված որոշումն ապացուցեց, որ երկրում իրավիճակի փոփոխություն կա:
«Որոշումն արձանագրեց, որ մենք ունեցել ենք և դեռ ունենք քաղբանտարկյալներ: Ապացուցեց, որ նրանք եղել են մեկ անձի պատվերով բանտերում հայտնված մարդիկ: Այդ առումով որևէ կասկած այլևս չկա: Մենք այդ մասին խոսում էինք տարիներ շարունակ: Արդարադատությունը կամ արդարամտությունը չէր պատճառը, որ դատարանը նման որոշում կայացրեց: Պատճառը վախի բացակայությունն էր: Նրանք այլևս չէին վախենում կայացնել այն որոշումը, որը կար իրենց հոգու խորքում: Գործերը քննողները, կալանք տվողները, բոլորն ունեին այն վախը, որ իրենք կլինեն հաջորդ քաղաքական բանտարկյալը, եթե այդ մեկ անձի կարծիքի դեմ որոշում կայացնեն»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:
Նրա խոսքով՝ այսուհետ դատավորները պետք է գիտակցեն իրավիճակի փոփոխությունը. «Պետք է գիտակցեն նաև իրենց աշխատանքի և գործունեության բուն իմաստը, որը ոչ թե մեկ անձի պաշտամունքով առաջնորդվելն է, այլ` արդարադատություն իրականացնելը: Կարծում եմ՝ կգիտակցեն և այս անգամ ոչ թե կվախենան նոր իշխանությունից, այլ կառաջնորդվեն բացառապես իրենց ներքին համոզմունքներով ու ապացույցներով: Շատ եմ ափսոսում, որ երիտասարդ դատավորները չլսեցին մեզ: Տաթևիկ Գրիգորյանին ասում էինք (Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավոր,– խմբ.). մի՛ արա այդ քաղաքական պատվերը, որովհետև իրականում ժամանակները փոխվելու են ու շատ ես փոշմանելու քո կայացրած դատավճռի համար: Բայց իրականում նա արդարացի դատավաճիռ կայացնեու ուժ չգտավ իր մեջ»:
Հարցին, թե նոր իշխանությունը հայտնի գործերով դատավորներին պատասխանատվության ենթարկելու ի՞նչ ուղղություն պետք է որդեգրի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Որպես իրավապաշտպան կազմակերպություն, մենք միշտ պայքարել ենք հետապնդումների դեմ: Մեր կազմակերպությունը առաջիկայում ևս բարձրաձայնելու է, որ պայքարելու է հետապնդումների դեմ: Բայց պատասխանատվությունից որևէ մեկը չի կարող ազատվել: Դա չի նշանակում, որ դատավորները, կամ այն պաշտոնատար անձիք, ովքեր ակնհայտորեն սուտ, կեղծ և օրենքին հակասող որոշումներ են կայացրել, պետք է սուս ու փուս հավաքեն իրերն ու հեռանան Հայաստանից: Սա թող բոլորը մոռանան: Գոնե մենք հաստատ կլինենք այն թիմի մեջ, որը ոչ թե հետապնդելու է, այլ պահանջներ է ներկայացնելու, որպեսզի գործերը քննվեն բացառապես միայն իրավական տեսանկյունից: Բոլոր գործերը պետք է քննվեն և մեղավորները, այո՛, պետք է պատասխան տան, որովհետև դատավոր լինելը միայն այդ գեղեցիկ հագուստը հագնելն ու վերևում նստելը չէ: Դատավորը պետք է գիտակցի, որ մի ամբողջ ժողովրդի ճակատագիր է որոշում: Այդ պաշտոնը զբաղեցնելով՝ պետք է գիտակցի իր գործողությունների և դրանից բխող պատասխանատվության հետևանքները: Սա պետք է գիտակցեն նաև քննիչները, ովքեր ժամանակին փորձեցին ճողոպրել և դառնալ փաստաբան, ու հիմա ըմբոստ փաստաբանների դերում են հանդես գալիս»:
Իսկ հարցին, թե արդեն հստակեցվո՞ւմ են այն գործերը, որոնց մեջ ներգրավված պաշտոնատար անձանց մասով պետք է քննություն սկսել, իրավապաշտպանը պատասխանեց. «Երևի թե առաջինը պետք է լինի Մարտի 1–ի գործը: Ես ազնվորեն եմ ասում, մենք ևս վենդետա թույլ չենք տալու և շատ ուշադիր ենք հետևելու, որ հանկարծ ինքնադատաստան չլինի: Բայց այսուհետ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի, որ այդ պաշտոնն իրեն տվել են ոչ թե ինչ–որ մեկի հրահանգները կատարելու և ինչ–որ մեկին հետապնդելու, այլ՝ ժողովրդին ծառայելու համար»:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում