Ժաննա Ալեքսանյան. «Բարոյական չափանիշներն այսպիսի դեպքերում ընդհանրապես չեն գործում». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Պարզվում է, որ երեկ Թումանյան–Մաշտոց խաչմերուկում լուսաֆորներ կոտրած, ոստիկանների վրա հարձակված, անկարգությունների հեղինակ երիտասարդները բերման չեն ենթարկվել: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից: Նրանց գտնելու կապակցությամբ դեռևս աշխատանքներ են տարվում:
Ստացվում է, որ երեկ սադրիչ գործողությունների հեղինակներն իրավապահ մարմինների կողմից ոչ մի «ուշադրության» չեն արժանացել: Մինչդեռ խաղաղ ցուցարարներին ոստիկանները հետևում են, վազում հետևներից ու բաժին տանում: Խաղաղ ցուցարարների դեպքում գործն ավելի հեշտ է:
«Փաստ»–ի զրուցակիցն է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
– Նրանք, ովքեր վնաս են հասցրել պետության գույքին, մնում են անպատիժ, նրանց անգամ չեն մոտենում, իսկ խաղաղ ցուցարարներին տանում են բաժին: Համաչա՞փ է սա:
– Ոստիկանությունը օրենքից դուրս է աշխատում, ինչպես այդպիսի դեպքերում մենք տեսնում ենք: Թիկնապահի կարգավիճակում են: Իշխանության թիկնապահներն են և գործում են այնպես, ինչպես թելադրվում է իշխանության կողմից: Ոստիկանությունը երբեք նման հավաքների ժամանակ չի գործում օրենքի սահմաններում և դա պահանջում է քաղաքացիներից: Իսկ քաղաքացիները խաղաղ հավաքի մասնակիցներն են՝ իրացնում են իրենց սահմանադրական իրավունքը: Անպատիժ է ոստիկանությունը, ինչ ուզում, անում է: Սա իշխանության վարքագիծն ու ձեռագիրն է:
– Մի՞թե նրանց մեջ մարդկային արժեքներ չեն մնացել: Ասում ենք, չէ՝ մեկը մեր հայրն է, մյուսը՝ եղբայրը, ամուսինը:
– Դա հիմա չի գործում: Բարոյական չափանիշները այսպիսի դեպքերում ընդհանրապես չեն գործում, և նրանք մտածում են միայն իշխանությունն ամեն գնով պահելու մասին: Դրա համար այսպիսի անօրեն վիճակ է ստեղծվել:
– Փշալարեր անցկացնելուց, ջրցան մեքենա բերելուց, պայթուցիկներ նետելուց բացի, էլ ինչի՞ է պատրաստ ոստիկանությունը:
– Նռնակներ նետելը բացահայտ ապօրինություն էր ոստիկանության կողմից: Ամերիկայի պետդեպարտամենտը կոչ է արել իշխանություններին ձեռնպահ մնալ բռնի գործողություններից: Հիմա չգիտեմ, թե միջազգային կառույցների այդ միջամտությունը կլսե՞ն կամ կզգուշանա՞ն: Բայց քանի որ մենք մարտի 1 ենք տեսել, ես ոչինչ չեմ բացառում:
– Ցուցարարները օգնության համար դիմե՞լ են Ձեզ:
– Այո՛, դիմել են, մեր փաստաբանը հենց հիմա Էրեբունու ոստիկանության բաժանմունքում է: Այնտեղ 15–ից ավելի մարդ են բերման ենթարկել: Նա գնացել է մարդկանց իրավական օգնություն ցուցաբերելու համար: Մեզ են դիմել նաև այլ ակտիվիստներ: Ահազանգերը շատ–շատ են: Այս օրերին բոլոր իրավապաշտպան կազմակերպություններն աշխատում են, փորձում են օգնել, բայց պետք է վերջ տալ այս անօրինականությանը:
– Երեկ Մասիվի ոստիկանական բաժանմունքում կրկին 10–ից ավելի ցուցարարների էին պահում, այնտեղ ժամանած փաստաբանին ներս չէին թողնում՝ պատճառ բերելով, թե իբր բանալին են կորցրել:
– Այնտեղ հենց մեր փաստաբանն էր: Երեկ երիտասարդները յոթ ժամ եղել են պատանդի կարգավիճակում: Բանալին չգտնելը պարզ էր, որ հորինել էին: Բարեբախտաբար մեր հրապարակումից, ՄԻՊ զանգահարելուց հետո իրավիճակը փոխվեց և երիտասարդներին բաց թողեցին: Բայց հիմա էլ մեր կայքը արգելափակվել է, չենք հասկանում՝ ինչ է եղել, վերականգնում ենք, որպեսզի աշխատի:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում