Շարքային Հայկ Մինասյան. առաջնագծում գտնվելու մասին ընտանիքի անդամներին չէր ասել
Մեր ժամանակի հերոս Հայկ Մինասյան. Հայկ Մինասյանը ծառայում էր ԼՂՀ Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում որպես կապավոր: Մեծ սիրով է մեկնել ծառայության ու նվիրված եղել իր գործին:
Ապրիլյան պատերազմի օրերին Հայկը առաջնագծում է եղել, մարտնչել ու աչքի ընկել իր քաջությամբ: 2016թ.-ի ապրիլի 26-ի` լույս 27-ի գիշերը, հրետանային դիվիզիոնի կրակի կառավարման կետում, հրետակոծության հետևանքով Հայկը մահացու վիրավորում է ստացել սրտի շրջանում:
Հայկ Մինասյանը ծնվել է 1996 թ. Ուկրաինայի Հանրապետության ՝ Խարկով քաղաքում: 2001 թվականին ընտանիքը վերադարձել է հայրենիք ու մշտական բնակություն հաստատել Վանաձոր քաղաքում: Սովորել է Վանաձորի Պուշկինի անվան թիվ 4 դպրոցում: Հայկը բավական հավասարակշռված, համեստ ու զուսպ անձնավորություն էր, լավ ընկեր, քույրերի համար լավ ու նվիրված եղբայր: Իր մեջ անսահման բարություն կար, ամեն ինչում աշխատում էր լավ գծեր տեսնել ու բոլորին հուսադրել, որ ամեն ինչ լավ է լինելու:
Ծառայության ընթացքում ընտանիքի անդամներից շատ բան չէր խնդրել: Վերջին անգամ ուզածը լուսարձակ ու ձեռնոց էր. Հայկն աչքի էր ընկնում նաեւ իր հանդարտությամբ ու կշռադատված վարքագծով: Դեռ ուսանող, վաղ տարիքից աշխատած տղան արել է ամեն ինչ, ընտանիքի հոգսը թեթեւացնելու համար: Առաջնագծում գտնվելու մասին Հայկն ընտանիքի անդամներին չէր ասել: Այդ մասին իմացել են պատահաբար` հեռուստաընկերություններից մեկի կողմից Արցախից պատրաստված ռեպորտաժի կադրերում նրան տեսնելով:
Դեռ փոքր տարիքից Հայկը ձգտել է օգնել ընտանիքին: Տարբեր նախասիրություններ ուներ դպրոցում, սիրում էր մաթեմատիկա եւ ֆիզիկա առարկաները: Զբաղվել է ձեռնամարտով ու այլ տարբեր սպորտաձևերով:
Այս ամենին զուգահեռ, շատ գեղեցիկ նկարում էր: 2011 թ. ընդունվել է Վանաձորի Եվրոպական քոլեջ, որից հետո ուսումը շարունակել է Երեւանի Եվրոպական համալսարանի ծրագրավորում եւ կառավարում բաժինը: 2015 թ. ուսումը կիսատ թողնելով Հայկն անցնում է ծառայության:
Հայկ Մինասյանը Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» եւ «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալներով, ԼՂՀ Նախագահի կողմից՝ «Արիության համար» մեդալով: Ի պատասխան Հերոսի սխրանքի՝ Պուշկինի անվան դպրոցում դասասենյակ է բացվել, իսկ քոլեջում, որտեղ սովորել է, «Փառքի անկյուն», այն վայրում, որտեղ Հայկը զոհվել է, հուշաքար է տեղադրված, իսկ զորամասում անկյուն կա նվիրված Մերօրյա Հերոսին: