Գրիգոր Հարությունյանը ժամանակին ասել է, բայց նրան չեն հավատացել ու խաբվել են. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը զարմանում է, թե ինչի դեմ են այսօր ընդդիմադիր քաղաքական ուժերը փորձում պայքարել, երբ ժամանակին ընդունել են թե՛ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի և թե՛ ԱԺ ընտրությունների արդյունքները:
«Եթե նոր Սահմանադրությունն ընդունել են, այդ Սահմանադրության համաձայն մեծամասնություն են ձևավորել, ու հիմա ժողովրդին հրապարակ են հրավիրում և այլ քայլեր կատարում, ես չեմ հասկանում, թե հիմա ընդդիմությունն ինչ ունի ասելու ժողովրդին: Ի տարբերություն շատերի, ես բազմիցս ասել եմ, որ Սերժ Սարգսյանը բոլոր փոփոխությունները իրականացնում է, որպեսզի ինքը դառնա վարչապետ: Ընդդիմադիր շատ գործիչներ ասում էին, թե նա ասել է, որ այլևս ո՛չ նախագահ է լինելու, ո՛չ էլ վարչապետ: Ես ասում էի, որ խաբվելու են: Եվ այդպես էլ եղավ: Հիմա, երբ բանը բանից անցել է, ինչ են փայտը վերցրել, թափ տալիս»,– ասաց Գ. Հարությունյանը:
Նրա կարծիքով ընդդիմությունը պետք է ԱԺ ընտրություններից առաջ միանար և ոչ թե իրար քարկոծեին: Իսկ ստեղծված իրավիճակի համար, ըստ նրա, անխտիր բոլորն էլ մեղավոր են:
«Հասարակության մեծ մասն այսքան տարի հանդուրժել է այս հանցագործ իշխանություններին, իսկ արտագաղթելը պասիվ հանդուրժելու նշան է: Իմ ամբողջ պայքարը նրա համար էր, որ իմ երեխաները չլքեն Հայաստանը, բայց իմ երեխաներն էլ են գնացել: Ինչ անեն, իրենք էլ էին ուզում կայանալ ու իրենց երեխաներին պահել: Եվ այդպես երկրից բոլոր կարող ուժերը գնում են: Սովետական Միության ժամանակ կրթություն ստացած մարդիկ հիմնականում չեն գնում, բայց մի 10 տարի հետո նրանք էլ չեն լինի, ու այդ ժամանակ ես չգիտեմ, թե մեր երկրի վիճակն ինչ է լինելու»,– ասաց Գ. Հարությունյանը:
Քաղաքական գործչի դիտարկմամբ՝ երկրում հիմք դրված ճորտատիրական կարգերը դեռ երկար կշարունակվեն, իսկ սրանից է՛լ ավելի վատ, ըստ նրա՝ չի կարող լինել:
«Սա վերջն է, սրանից վատ էլ չի կարող լինել: Եվ եթե հիմա ցանկություն էլ լինի, միևնույն է, ոչինչ էլ չի ստացվի: Ես այսօր պայքարելու տեղ չեմ տեսնում, որովհետև թափթփուկներին այնքան են հզորացրել, իսկ դրա հետ միասին ո՛չ դատական իշխանություն գոյություն ունի, ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր իշխանություն: Ինչի՞ մասին է խոսքը: Բոլորը միայն Ռուսաստանին, Ամերիկային ու մյուսներին են մեղադրում, բայց չեն ասում, թե իրե՞նք ինչ են: Ուրիշներն իրենց շահերն են հետապնդում, իսկ հետաքրքիր է, թե մենք ո՞ւմ շահն ենք հետապնդում»,– ասաց Գ. Հարությունյանը:
Նրա կարծիքով՝ ընդդիմությունը չի միավորվում, քանի որ նրանց շարքերում անազնիվ մարդիկ շատ կան:
«Խաբում են, ժողովրդին ասում են, թե այս կանեն, այն կանեն, ժողովրդին թյուրիմացության մեջ են գցում, ձայները հավաքում են, դնում են իշխանության տակ, ո՞ր մեկն ասեմ: Բայց մենք՝ ՀԺԿ–ն իրեն ազնիվ է պահել: Այլ հարց է, որ չենք կարողացել ինչ–որ բանի հասնել, որովհետև իշխանությունների հետ գործարքի մեջ չենք մտել: Ինչ որ չենք կարողացել անել՝ ներողություն եմ խնդրում, բայց ես չեմ տեսնում, որ ընդդիմությունն այսօր ինչ–որ լուրջ քայլ է փորձում կատարել: Հակառակ դեպքում ես առաջինը կգնայի: Մյուս կողմից սկսում եմ կասկածել նաև «Ելք» դաշինքին: Եթե «Ելք»–ը ընդունել է, որ ընտրություններին 1 մլն 600 հազար մարդ է մասնակցել, ուրեմն հավատացեք, որ քվեարկության արդյունքները նկարված են, քանի որ այդքան ընտրող չկա Հայաստանում: «Միասնություն» դաշինքի ժամանակ, 1999 թ.–ին, եթե չեմ սխալվում, 1 մլն 200 հազար մարդ է մասնակցել ընտրություններին: Հիմա, երբ այսքան մարդ է արտագաղթել, ինչպե՞ս է ընտրություններին մասնակցողների թիվն աճել: Այսինքն, ընտրությունները նկարված են, իսկ «Ելք»–ը ընդունել է այդ նկարված թվերը: Այս պարագայում ինչի՞ դեմ են ուզում պայքարել, ինչի են քաղաքական տարբեր ուղղություններով առաջ շարժվում՝ պարզ չէ»,– ասաց Գ. Հարությունյանը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում