Շարքային Գրիգոր Հարությունյան. մարտնչել է մինչեւ վերջին փամփուշտն ու ընկել քաջի մահով
Մեր ժամանակի հերոս Գրիգոր Հարությունյան. Գրիգոր Հարութունյանը ծառայել է Ջաբրայիլի զորամասում: Զոհվել է ապրիլի 2-ին հայրենի սահմանները պաշտպանելիս։ Նա ապրիլյան պատերազմում 18 անհետ կորած զինվորներից էր, որոնց մարմինները շաբաթներ անց վերադարձրին հայկական կողմին։
Գրիգոր Հարությունյանը զոհվել է մարտական դիրքը պաշտպանելիս: Թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ նրանց անձնակազմը քայլ անգամ չի նահանջել, ցուցաբերելով խիզախություն ու արիություն` փորձել է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել եւ հետ շպրտել հակառակորդին: Անհավասար մարտերի ընթացքում դիրքի անձնակազմը մարտնչել է մինչեւ վերջին փամփուշտն ու ընկել քաջի մահով:
Ծանր մարտում զոհվել է նրա մարտական դիրքի և դրան հարակից այլ դիրքի 19 հայ զինծառայող: Ապրիլյան պատերազմի հերոս ժամկետային զինծառայող 19-ամյա Գրիգոր Հարությունյանը Երեւան քաղաքից էր: «Գրիգորը կամեցող, չափից դուրս համեստ էր: Այդպիսի մարդ չկար, որը դիմեր ու Գրիգորը օգնած չլիներ: Ամբողջ թաղամասն է ապշել ու ցավում»,- նրա մասին պատմում են հարազատները:
Գրիգորը Երևանից էր, բանակ էր զորակոչվել 2015թ.-ի ամռանը: Նա մեծացել էր առանց հայրական խնամքի, հորը կորցրել էր վաղ տարիքում: Մայրը միայնակ մեծացրել է իր չորս զավակներին։ Գրիգորի տատիկը՝ Շողիկ Ստեփանյանը, հարցազրույցներից մեկում ասել է, որ թոռնիկը խելացի, պարկեշտ, բարի տղա էր, ամեն ինչին համակերպվում էր, սովորող է եղել, բայց բազմանդամ ընտանիքի հոգսը թեթեւացնելու պատճառով ստիպված է եղել դասերից հաճախ բացակայել, մորը օգնել. «Կուզեի, որ սա երազ լիներ, աչքերս բացեի ու Գրիգորիս տեսնեի, որն իր բարի, գեղեցիկ ժպիտով նորից կասեր՝ տատիկ, լա՞վ ես»:
Մայրն էլ՝ Անահիտ Հարությունյանը, պատմել է, որ որդին նպատակներ ուներ՝ զինծառայությունից վերադառնալ, տունը վերանորոգել, դրա համար շինարարություն էր սովորում, նաեւ՝ կահույքագործություն։ Գրիգոր Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով: