Շարքային Սասուն Մկրտչյան. հասցրել է վիրավոր ընկերներին հանել առաջնագծից
Մեր ժամանակի հերոս Սասուն Մկրտչյան. Սասուն Մկրտչյանը մասնակցել է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմին Արցախի ՊԲ Մարտակերտի զորամասի պահպանման տակ գտնվող Թալիշի հատվածում:
Սասուն Մկրտչյանը պայմանագրային զինծառայող էր Ապրիլի 1-ին հերթական անգամ ծառայությունն իրականացնելուց հետո վերադարձել է Արցախից։ Սակայն սահմանից թշնամու ակտիվության մասին լուրերը ստանալուն պես ապրիլի 2-ի առավոտյան Սասունին կանչեցին առաջնագիծ։
Թալիշի դիրքը հետ գրավելիս Սասունի գնդացիրը փչացել է։ Զինակցից զենք է խնդրել, սակայն հրամանատարը չի թույլատրել։ Սասունը խնդրել է զինակցին վառել կրակայրիչը եւ սկսել է քանդել գնդացիրը։ Այդ ընթացքում հասցրել է վիրավոր ընկերներին հանել առաջնագծից եւ կրկին շտապել վերադարձնել կորցրած դիրքերը:
Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը Թալիշի դիրքերը հետ գրավելու ժամանակ որովայնի շրջանում ստացել է ծանր հրազենային վիրավորում։ Զինակից ընկերները նրան իջեցրել են դիրքերից եւ հանձնել շտապօգնությանը, սակայն Սասունի կյանքը փրկել չի հաջողվել։
Հուղարկավորությունը տեղի է ունեցել 2016 թ.-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ զինվորական արարողակարգով։ Հուղարկավորությանը ներկա է գտնվել Սերժ Սարգսյանը:
Սասուն Մկրտչյանը ծնվել է 1989 թ. հունիսի 10-ին Երեւանում, սասունցիների ընտանիքում: Ունի հայր, մայր եւ քույր: 1996-2006 թթ սովորել է Հ. Հայրապետյանի անվան №78 դպրոցում: 10 տարեկանից զբաղվել է Մուայ թայ սպորտաձեւով: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների եւ պարգեւատրվել տարբեր մեդալներով ու պատվոգրերով: Վերջին տարիներին Սասունը հանդիսանում էր ֆեդերացիայի անդամ, ինչպես նաեւ մրցավար եւ մեկնաբան: 2007-2009 թթ անցել է պարտադիր ժամկետային ծառայության Շամշադինի զորամասում:
2009-2014 թթ սովորել է Երեւանի դատական փորձագիտության եւ հոգեբանության ինստիտուտում: 2009-2011 թթ աշխատել է ՀՀ վերաքննիչ դատարանում՝ որպես կարգադրիչ: 2011-2014 թթ ծառայել է Խաղաղապահ զորքերում: Այնուհետեւ ծառայության է անցել ՀՀ Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության բրիգադում եւ 4-րդ հատուկ նշանակության ջոկատում՝ որպես հետախույզ-գնդացրորդ: Մասնակցել է օպերատիվ ուղղության ուսումնասիրմանը, մարտական հերթապահությանը եւ հատուկ միջոցառումների կատարմանը: Պարբերաբար մեկնում էր Արցախ՝ ծառայություն իրականացնելու։
Խաղաղ ժամանակ Սասունն արժանացել է ՀՀ զինված ուժերի «Լավագույն զինվոր-մարտիկ» եւ «Մարտական պատրաստության գործում ունեցած բարձր ցուցանիշների համար» պատվոգրերի: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի 2016 թ. N-32-Ա հրամանագրով Սասուն Մկրտչյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: 2016 թ. մայիսի 4-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով Սասուն Մկրտչյանը հետմահու պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Պաշտպանության նախարարի 2016 թ. մայիսի 13-ի հրամանով Սասուն Մկրտչյանի անունը գրանցվել է ՀՀ ՊՆ 24923 զորամասի «Հավերժ զինվոր» ցուցակում։ 2016 թ. հուլիսի 29-ին Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշի մարտական դիրքում տեղադրվեց Սասուն Մկրտչյանի հուշաքարը: 2016 թ. սեպտեմբերի 1-ին Երեւանի Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցում բացվեց Սասուն Մկրտչյանի անունը կրող դասասենյակ: 2017 թ. մարտի 7-ին Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի դպրոցում բացվեց Սասուն Մկրտչյանի անունը կրող դասասենյակ: