ԱՐԽԻՎ. «Վերհիշելով քառօրյան». «Երևի երեխես գիտեր, որ պիտի քիչ ժամանակ ապրի, շտապելով էր ապրում». զոհված զինվորի մայր (տեսանյութ)
NEWSPRESS.am-ը սկսում է «Վերհիշելով քառօրյան» խորագրով շարք: Այստեղ մենք մեր ընթերցողին կներկայացնենք տեսանյութեր, որոնք արվել են Ապրիլյան պատերազմին հաջորդող օրերին: Կներկայացնենք ինչպես զինվորների վերհուշը պատերազմից, այնպես էլ մեր այցերը զոհված զինծառայողների ընտանիքներին:
ԿԱՐԵՆ ԱՐՏԱԿԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ (1997-2006թթ)
Գայանե Ներսիսյանը՝ Կարենի մայրը, պատմում է, որ որդին մի տեսակ շտապելով էր ապրում, աշխատում էր ամեն ինչ հասցնել. «Երևի երեխես գիտեր, որ պիտի քիչ ժամանակ ապրի»:
Տիկին Գայանեն նշում է, որ Կարենը միշտ գոհ է եղել բանակից. «Ամեն զանգելուց ասում էր՝ մամ ջան, ամեն ինչ լավ ա, նորմալ ա, դու ասա՝ ի՞նչ եք անում, ասում էի՝ որ դու լավ ես, մեռնեմ քեզ, մենք էլ ենք լավ: Ինն ամիս էդ եմ լսել իմ տղայի զանգից: Առավոտ զանգում էր, իրիկունը զանգում էր ասում էր՝ գնացեք, քնեք, ամեն ինչ նորմալ ա»,- ասում է որդեկորույս մայրն ու ավելացնում՝ կյանքն ընկերների համար Կարենը հաստատ կտար, ամեն ինչ կաներ, որ բոլորին հասներ:
Խոսելով հենց պատերազմի օրերից՝ մայրը հիշում է. «Ամսի մեկին պոստեր էր բարձրացել, կեսօրին՝ ժամը 14:00-ին, զանգեց՝ մամ ջան, տեղավորվեցինք, ամեն ինչ նորմալ ա, իրիկունն էլ կզանգեմ, իրիկունը՝ 22:00-ն անց էր, զանգեց, խոսեց, ասեց՝ մամ ջան, լա՞վ եք, ասացի՝ հա, դու լա՞վ ես՝ հա, ամեն ինչ նորմալ ա, մի հատ էլ զանգեմ հոպարի հետ խոսամ, դե գնացեք, քնեք»:
Այս արտահայտությունը վերջինն էր, որ մայրը լսեց որդու շուրթերից...
Թե ինչպես են հիշում Կարենին հորեղբայրը, հայրն, ընկերներն ու ուսուցիչները՝ NEWSPRESS.am-ի արխիվային տեսանյութում