Ավագ-լեյտենանտ, զորամասի իրավաբան Մաքսիմ Գրիգորյան. մարտի գնաց 39 աստիճան ջերմությամբ
Մեր ժամանակի հերոս ավագ-լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյան. 2016թ-ի ապրիլի 2-ին մարտական դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ընթացքում ծավալված թեժ ու համառ մարտերի ժամանակ՝ օգնության սահմանապահներին հասնելով Մաքսիմ Գրիգորյանը հերոսաբար նահատակվում է:
2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժին հաջողվել էր ներթափանցել Ջաբրայիլի հայտնի Լելե Թեփե բարձունքը։ Այդ բարձրունքի վրա գտնվում էր 112-րդ մարտական դիրքը, որի տղաները անձնվիրաբար կռվեցին հանուն հայրենիքի պաշտպանության։ Ականատեսների խոսքերով՝ զորամասում հենց տեղեկություն ստացվեց, որ լուրջ մարտական գործողություններ են տեղի ունենում, մի քանի սպա արագ առանց այս ու այն կողմ ընկնելու նստեցին մեքենան եւ շարժվեցին դեպի դիրքեր։ Այդ սպաներից մեկը զորամասի իրավաբան, ավագ-լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանն էր։
30-ամյա հերոսը 2016 թվականի ապրիլի 1-ին գնում է Ստեփանակերտ՝ մասնակցելու իրավաբանների ժողովի։ Ջերմություն ուներ՝ 39 աստիճան։ Զանգում է Ստեփանակերտում ապրող քրոջը՝ Նունեին, ասում, որ դեղեր պատրաստի ու թեյ. ժողովից հետո իրենց տուն է գնալու։ Գնում է, խմում, մի քիչ հանգստանում ու վերադառնում տուն։ Գիշերը նորից ջերմում է, իսկ առավոտ ծեգին զանգ ստանում՝ սահմանին վիճակը լարված է։ Տղաներին ասում է, որ իրեն սպասեն, երեք րոպեից իրենց մոտ կլինի։ Զորամասի հինգ սպաներից բաղկացած խումբը (Սուրեն Մելքումյան, Ալեքսան Առաքելյան, Ռոման Պողոսյան, Օնիկ Գրիգորյան, Մաքսիմ Գրիգորյան) օգնության է հասնում Լելե Թեփե բարձունքի 112-րդ մարտական դիրքը պաշտպանող ժամկետայիններին։ Երկար, համառ ու անհավասար պայքարից հետո զոհվում են դիրքի անձնակազմից 12 ժամկետային զինծառայող, 1 պայմանագրային զինծառայող եւ օգնության հասած 5 սպաները։ Նրանց անձնուրաց պայքարի շնորհիվ գունդը ժամանակ ու հնարավորություն ստացավ պատրաստվելու հետ մղել թշնամու հետագա առաջխաղացումը դեպի պաշտպանական շրջանի խորքը։
Մաքսիմ Գրիգորյանը հայտնի է որպես խիստ սպա էր, որը չէր ընդունում հովանավորյալ զինվորներին։
Գրիգորյանը ծնվել է Հադրութի շրջանի Տումի գյուղում։ 1993-2003 թթ. սովորել է Տումիի միջնակարգ դպրոցում։ 2004-2006 թթ. պարտադիր զինվորական ծառայություն է անցել ՊԲ N զորամասում։ 2006-2008 թթ. սովորել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում։
Ավարտելուց հետո նույն թվականին անցել է պայմանագրային զինվորական ծառայության ՊԲ N զորամասում որպես մոտոհրաձգային վաշտի տեխնիկ։ 2008 թ. սովորել է ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցում՝ ստանալով ենթասպայի կոչում։ 2012 թ. նշանակվել է ՊԲ Ջաբրայիլի զորամասի հրամանատարի՝ սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական-սպա՝ ստանալով լեյտենանտի կոչում, իսկ որոշ ժամանակ անց ստացավ՝ ավագ-լեյտենանտի կոչում։
Ծառայության ընթացքում պարգևատրվել է ՀՀ ԶՈՒ «Անբասիր ծառայության» 1-ին աստիճանի, «ՀՀ զինված ուժեր 20 տարի», Արցախի «Մարտական ծառայություն», «Երկրապահ կամավորականների միություն» հկ-ի «Հայաստանի երկրապահ» մեդալներով։
Զոհվել է 2016 թ․ ապրիլի 2-ին՝ մարտական գործողությունների ժամանակ 9-րդ ՊՇ 112 մարտական դիրքը (Վարազաթումբ/Լելե-Թեփե) պաշտպանելիս համածառայակից սպաներ փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանի, Ռոման Պողոսյանի, Օնիկ Գրիգորյանի, մայոր Սուրեն Մելքումյանի հետ միասին։ Նույն դիրքում են զոհվել նաեւ դիրքապահ զինծառայողներ սերժանտներ Ադամ Սահակյանը, Կարեն Ներսիսյանը, կրտսեր սերժանտ Սաշա Գալստյանը, շարքայիններ Ժորա Եսայանը, Բագրատ Ալեքսանյանը, Տիգրան Բերակչյանը, Բարիս Օզմանյանը, Անդրանիկ Գրիգորյանը։
Ամուսնացած էր, ունի 2 դուստր։ Հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, Արցախի «Արիության համար» մեդալով, «Մայրություն» հկ-ի «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալով։