Ռիտա Սարգսյանի նվերը Միհրան Ծառուկյանին
Tert.am Life-ը գրում է
Հունվարի 28-ին կայացավ երգիչ Միհրան Ծառուկյանի «Նամակ մայրիկին» երգի տեսահոլովակի պրեմիերան: Երգի երաժշտության հեղինակը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, գործիքավորումն արել է Կարեն Մարգարյանը:
Համագործակցության մասին բացառիկ հարցազրույցը Միհրանը վստահել է Tert.am Life-ին: Երգչից տեղեկացանք, որ առաջին անգամ է կատարել Ռիտա Սարգսյանի երգը: Երգը նվեր է եղել Առաջին տիկնոջ կողմից: Երգիչը չի վճարել ո´չ երաժշտության, ո´չ խոսքերի համար:
«Տիկին Ռիտա Սարգսյանի ցանկությունն է եղել, որ ես կատարեմ այս երգը: Նա և Ավետ Բարսեղյանը քննարկել են իմ թեկնածությունը, ինչից հետո Ավետը զանգահարեց ինձ, հանդիպեցինք, լսեցի երգը և շատ հավանեցի»,- ասաց երգիչը ու հավելեց, որ բավականին երկար են աշխատել այս երգի վրա: «Խոսքերում, գործիքավորման մեջ անընդհատ փոփոխություններ էինք անում, որպեսզի ավելի պրոֆեսիոնալ լինի և մարդկանց սրտին կպչող»,- ավելացրեց նա:
Միհրանն առաջին անգամ է երգ կատարում բանակի թեմայով: «Ինձ համար շատ պատասխանատու էր այս երգը կատարելը: Փորձել ենք այնպես անել, որպեսզի ավելորդ բաներ չլինեն ո´չ երգում, ո´չ տեսահոլովակում»,- ասաց երգիչն ու հավելեց, որ երգը դարձել է իր երգացանկի առանձնահատուկ ստեղծագործություններից մեկը:
«Մինչ այս առանձնացնում էի «Մայրիկ» երգս: Այս երգը ևս դարձավ առանձնացող, որովհետև շատ զգացմունքային է: Ամեն ինչ արել են, որպեսզի լավ ստացվի,- նշեց երգիչն ու հավելեց, որ լսարանի կողմից դրական կարծիքներ է ստացել: -Մեկնաբանությունների բաժինը բաց է, մարդիկ կարող են գրել իրենց կարծիքը: Երեկ ուշ ժամի նայեցի մեկնաբանությունները, դրական կարծիքներ էին գրված»:
Տեսահոլովակը նկարահանել է «Շարմ հոլդինգը», ռեժիսորը Հարութ Շատյանն է: Միհրանի խոսքով՝ տեսահոլովակի նկարահանումները տևել են 5 օր. «Նկարահանումներն իրականացրել ենք շատ ցուրտ պայմաններում, վայրերը տարբեր էին: Շնորհակալ եմ նկարահանող անձնակազմին, մեր զինվորներին, որ այդքան ժամանակ դրսում նկարահանվում էին: Իրոք շատ ցուրտ էր»:
Երգչի նախորդ տեսահոլովակը ռեկորդային դիտումներ ունեցավ՝ մեկ ամսվա ընթացքում հատելով 5 միլիոնի շեմը: Այս տեսահոլովակի դիտումների մասին խոսել Միհրանը դժվարացավ, քանի որ ինքը երեկ է ներբեռնել տեսահոլովակը, մինչ այդ այն տեղադրվել էր նաև «Շարմ Հոլդինգի» ալիքում: «Այս առումով դիտումները կիսվում են մի քանի ալիքի միջև, այնպես որ, դժվար է ասել, թե որքան է դիտվել տեսահոլովակը»,- նշեց երգիչը: