Աբովյանում նախկին ոստիկանի «հրահանգով» քարով խփել, սատկացրել են շանն ու նրա ձագերին
Հայաստանում թափառող կենդանիների անողոքաբար ոչնչացման պրակտիկան շարունակվում է արդիական մնալ: Եթե Երևան քաղաքում թափառող կենդանիների խնդիրը քիչ թե շատ վերահսկելի է, ապա մայրաքաղաքից դուրս՝ մարզերում, կենդանիների վրա շարունակում են կրակել օրը ցերեկով հասարակական վայրում զենքի կիրառմամբ:
Նման անմարդկային դաժանության ևս մեկ դրսևորման մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագրություն ահազանգել են Աբովյան քաղաքի մի քանի մտահոգ բնակիչներ: Պատմության կիզակետում օրենքի նախկին ներկայացուցիչ է՝ նախկին ոստիկան:
«Մեր բակում մի փոքր շունիկ էր ապրում, բնակիչներն էլ կերակրում էին: Վերջերս ձագեր ունեցավ: Բակում նաև նախկին ոստիկան է ապրում ու իր աղջիկը իբր վախեցել է այդ փոքր շնիկից: Հայրը կանչել է քաղաքապետարանից մեկին, եկել են քարով խփել են շանը, սատկացրել են, գցել են պարկը և նույնը ձագերի հետ են արել: Իմացա, որ ձագերից մեկին հարևանները փրկել են, բայց նա խոստացել է նաև այդ ձագին սատկացնել»,- մեզ հետ զրույցում ասում է բնակիչներից մեկը: Ըստ նրա, որոշ մարդկանց, որոնք փորձել են միջամտել, լռեցրել են ու սպառնացել: Մտահոգ բնակիչները նաև փորձել են քաղաքապետի հետ զրուցել, սակայն ժամեր շարունակ սպասելով նրան կարողացել են խոսել միայն օգնականի հետ:
Նյութի աղբյուրը՝ Econews.am