Արտակարգ դեպք Սպիտակում. 12 մարդ, այդ թվում երեխաներ, թունավորվել են փողոցում գնված շաուրմայից
Հունվարի 27-ին կեսօրին սննդային տոքսիկոինֆեկցիա ախտորոշմամբ Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել երկու մարդ, երկու ժամ անց նույն ախտորոշմամբ հոսպիտալացվել է միաժամանակ 6 մարդ:
Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ նրանք կերել են հավի մսով պատրաստված շաուրմա Սպիտակում գործող «Թեժ կրակ» սննդի արագ պատրաստման կետում:
Եվս մի քանի ժամ անց՝ ժամը 21:00-ի սահմաններում բժշկական կենտրոն է դիմել եւս երեք քաղաքացի, որոնք նույնպես գնել էին շաուրմա նույն սննդի կետից: Եվս մեկ հիվանդ նույն ախտորոշմամբ հոսպիտալացվել է հունվարի 29-ին, ով նշել է, որ երկու օր առաջ հավի մսով շաուրմա էր գնել նույն կետից, որից հետո վիճակը վատանալուն զուգահեռ փորձել է ինքնաբուժմամբ զբաղվել տանը: Տեսնելով, որ այն արդյունք չի տալիս, ստիպված դիմել է բժշկական կենտրոն:
Հիվանդների մեջ եղել է նաեւ երկու երեխա: Տուժածները շարունակում են համապատասխան բուժում ստանալ բժշկական կենտրոնում: Ներկայումս նրանց վիճակը կայունացել է ու գնահատվում է բավարար: