Տղամարդն իր զոհին Երևանից տարել է Եղվարդ և բռնաբարել.հարուցվել է քրեական գործ
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել անձին առևանգելու և բռնաբարելու առերևույթ հանցագործությունների առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ և 138-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:
Այսպես, քրեական գործի նյութերի համաձայն` Կոտայքի մարզի բնակիչ Ն.Վ.-ն ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում և բացատրություն է տվել, որ իր համագյուղացի Վ. Ե.-ն 28.10.2017թ.-ին Երևան քաղաքում գործող ռեստորանային համալիրներից մեկի դիմաց իրեն ստիպողաբար նստեցրել է ավտոմեքենան, ապա` առևանգել և տարել է Աշտարակ քաղաք: Նույն օրը Վ. Ե.-ն իրեն տարել է Եղվարդ քաղաքին հարակից տարածք և բռնաբարել:
Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վ. Ե.-ն վերը նշված առերևույթ հանցագործությունների կատարման ժամանակ հանդիսացել է ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության աշխատակից:
Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից կատարված հանցագործությունների հատկանիշներ, նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար: