«Ես կամակոր չեմ». Ջուլիա Եղշատյանը՝ «Երեւի»-ում իր կերպարի եւ Սարգիս Ավետիսյանի հետ սիրավեպի լուրերի մասին
«Կենտրոն» հեռուստաընկերությամբ վերջերս մեկնարկած «Երեւի» հեռուստասերիալը հայ հեռուստադիտողներին ծանոթացրեց նոր եւ երիտասարդ դեմքերի հետ: Արդեն իսկ հայտնի ու սիրված դերասանների՝ Հարություն Մովսիսյանի, Ալեքսանդր Խաչատրյանի, Սոֆի Դեւոյանի, Գոհար Իգիթյանի, Բեն Ավետիսյանի, Շուշաննա Թովմասյանի եւ այլ հայտնի անունների կողքին աչքի ընկավ նաեւ երիտասարդ դերասանուհի Ջուլիա Եղշատյանը, որը ֆիլմում մարմնավորում է Մանեին: Սերիալի գլխավոր դերում հանդես է գալիս երգիչ Սարգիս Ավետիսյանը: Բոլորովին վերջերս էլ լուրեր տարածվեցին, թե Ջուլիան եւ Սարգիսը սիրավեպ ունեն նաեւ իրական կյանքում:
NEWS.am STYLE-ը զրուցել է Ջուլիայի հետ «Երեւի»-ում նկարահանվելու, Մանեի կերպարի եւ, իհարկե, վերջին շրջանում տարածված ասեկոսեի մասին.
«Իմ լավ ընկերներից մեկից իմացա, որ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ սկսվող հեռուսասերիալի համար քասթինգ է հայտարարված: Որոշեցի մասնակցել եւ հենց նույն օրն էլ ընտրվեցի Մանեի դերի համար: Միանգամից ընդունեցի առաջարկը: Մանեն շատ է տարբերվում իրական Ջուլիայից, ու հենց դա ինձ գրավեց: Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին խաղացել եմ մի քանի ներկայացումների մեջ, որտեղ իմ բոլոր կերպարները եղել են բարի ու դրական հերոսներ: Սա ինձ համար մեծ փորձ է»,-ասում է դերասանուհին, որի հետ փորձեցինք զուգահեռներ տանել Մանեի ու Ջուլիայի միջեւ.
«Ես քմահաճ եմ իմ մասնագիտության առումով. եթե մի բան եմ անում, կամ լավ եմ անում կամ ընդհանրապես չեմ անում… ես կամակոր չեմ…»:
Խոսելով Մանեի կերպարի մասին՝ Ջուլիան ավելացնում է.
«Չեն լինում ամբողջությամբ բացասական կամ դրական կերպարներ, յուրաքանչյուր կերպար ունի իր դրական եւ բացասական կողմերը: Մանեին չի կարելի համարել ամբողջությամբ բացասական կերպար: Նա պայքարում է իր առաջին ու միակ սիրո համար ու այդ սերը փրկելու համար նա պատրաստ է ամեն ինչի: Մանեն իր ընտանիքի միակ երեխան է, որի մասին երազել են տասը տարուց ավելի, կատարել նրա բոլոր քմահաճույքները՝ նրան դարձնելով տան արքայադուստրը: Այո, նա ունի բացասական գծեր, սիրում է չենթարկվել եւ իր կամքը թելադրել»:
Ջուլիայի խոսքով՝ թե դրական, թե բացասական դերերը հետաքրքիր են, այնուամենայնիվ, դերասանուհին բացասական դերերն ավելի բարդ է համարում.
«Դու ասում եւ անում ես բաներ, որոնք չես անի կամ ասի իրական կյանքում: Դերասանը պետք է թափանցի տվյալ կերպարի հոգեբանության մեջ՝ փորձելով հասկանալ եւ ճիշտ ներկայացնել նրան»:
Իսկ վերջում Ջուլիային տվեցինք մեր ընթերցողներից շատերին ամենից շատ հետաքրքրող հարցը՝ ինչ հարաբերություններ ունի երգիչ-դերասան Սարգիս Ավետիսյանի հետ եւ արդյոք իրական կյանքում էլ խաղընկերների միջեւ սիրավեպ կա.
«Եթե ֆիլմում խաղում ենք սիրահարների, դա դեռ չի նշանակում, որ իրական կյանքում էլ է այդպես: Նման բան չկա: Մենք ֆիլմից դուրս լավ ընկերներ ենք»,-եզրափակեց նա:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Ջուլիա Եղշատյանի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
72
SHARES
Տպել
ֆեյսբուք