Թանկացումներ կաթնամթերքի շուկայում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Գնաճը չի շրջանցել նաև կաթնամթերքի շուկան: Թանկացել է պանիրը: Աշոցքի պանրի գործարանի արտադրանքի գինը տարեսկզբից 10%–ով բարձրացել է: Ընկերության տնօրեն Գեորգի Բաղդասարյանը թանկացման պատճառներն է թվում:
«Մոտ 40%–ով կաթի մթերման գինն է ավելացել, ինչն արտադրանքի վրա ազդել է: Այսօր կաթը քիչ է արտադրվում՝ կովերի 10–12%–ն է կաթ տալիս: Կաթի թանկացումը բերել է պանրի գների աճին»,– «Փաստ»–ի հետ զրույցում պարզաբանեց տնօրենը:
Գործարանը կաթի լիտրը գյուղացուց 180–190 դրամով է գնում: Նախորդ տարի այս ժամանակաշրջանում ավելի էժան էին գնում: Թանկացման պատճառը ոչ միայն արտադրության ծավալների պակասն է:
«Անասնակերը՝ խոտը, գյուղացին թանկ է գնել, որի հետևանքով իր արտադրանքը բարձր գնով է վաճառում: Եթե այսպես շարունակվի, գնաճ կլինի: Իմ ենթադրություններով պանիրը կրկին կթանկանա, եթե կաթի արտադրության ծավալների և մթերման գնի փոփոխություն չլինի»,– նկատեց արտադրողը:
Անդրադառնալով կարագի գներին` նա ասաց, որ տեղական արտադրության կարագի ծավալները քիչ են, դրսից ներկրվածն էլ բարձր գներով է սպառվում:
Արագածոտնի մարզում կաթի մթերման գինը 190–200 դրամի սահմաններում է տատանվում: Գնորդներից մեկը Ապարանի պանրի գործարանն է: Գներից ելնելով` առայժմ պանիր չեն արտադրում, իսկ կաթնամթերքը չեն թանկացրել: Տնօրեն Տիգրան Հովհաննիսյանի խոսքով, սակայն, գների բարձրացումն անխուսափելի է:
«Դեռ ծինը չի սկսվել, սեզոնայնությամբ պայմանավորված` կաթի գինը բարձր է: Այս պայմաններում աշխատելը մեզ շահույթ չի բերում: Եթե կաթի գինը բարձր մնա, անպայման կաթնամթերքը թանկանալու է: Առայժմ ես իմ արտադրանքը չեմ թանկացրել, բայց ուրիշ «վարյանտ» չունենք: Չեմ կարծում, որ առաջիկայում գները այսպես մնան: Հունվարի վերջն է, բայց դեռ ծինը չի սկսվել, այս տարվա նման դեռ չի եղել»,– մանրամասնեց մեր զրուցակիցը:
Նրա դիտարկմամբ՝ կաթնամթերքի շուկայում գնաճից խուսափելու համար կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ խրախուսելով անասնապահության զարգացում:
«Կաթի արտադրության ծավալները պետք է շատ լինեն, որ էժան լինի»,– նշեց նա:
Օրեր առաջ էլ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են կաթի վերամշակման հարցեր: Մթերումը կկանոնակարգվի նոր ծրագրով:
2019 թվականին ԵՄ աջակցությամբ նախատեսում են կաթի մթերման գործընթացի կանոնակարգման նպատակով ծրագիր իրականացնել, որը ենթադրում է, ի դեմս վերամշակողների, մթերման միջանկյալ օղակի ձևավորում: Նախատեսվում է աջակցել վերամշակողներին մթերման կետերի կառուցման գործում, իսկ նրանք իրենց հերթին պետք է օգնեն գյուղացիներին. կերով ապահովեն, խորհրդատվություն տրամադրեն, և երաշխավորված կերպով մթերեն անհրաժեշտ որակի և քանակի արտադրանք:
Ի դեպ՝ 2017 թվականը կաթնամթերքի հայաստանյան շուկայի համար առավելապես անկումային տարի է։ Տարվա կտրվածքով՝ կրճատվել են գործարանային արտադրության պանրի, մածնի, թթվասերի ու կաթնաշոռի ծավալները։ Ավելացել են միայն կաթի ու պաղպաղակի ծավալները։
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում