Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը
Առաջիկա 5 օրերին եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ չեն սպասվում։ Այս մասին սոցացնցի իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Հայաստանի տարածքի վրա ձևավորված հզոր անտիցիկլոնը, որը մթնոլորտային բարձր ճնշման գոտի է, նրանում պարունակված օդային հոսանքները ունեն մեծ խտություն և կշիռ և հիմնականում կատարում են վարընթաց շարժում (այսինքն՝ մթնոլորտի վերին շերտերից իջնում են դեպի ներքին շերտեր), դարձել է իսկական չարիք Արարատյան դաշտի և նրան հարող նախալեռնային գոտիների համար: Նախ նա ստեղծել է օդային պատնեշ, որը արգելափակում է արևմուտքից տեղումնաբեր ցիկլոնների մուտքը դեպի Հայաստան և արդեն 20-րդ օրն է, ինչ Արարատյան դաշտը և նրան հարող նախալեռնային գոտիները գտնվում են խիտ մառախուղի և լճացած սառը օդային զանգվածների մեջ:
Քանի որ առաջիկա 5 օրերին այդ արգելափակող անտիցիկլնի ուժը չի թուլանալու, հետևաբար եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ չեն սպասվում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, ինչպես նաև Երևանում մառախուղը կպահապանվի, մառախուղից կտեղա նաև թույլ ձյուն, իսկ մյուս շրջաններում սպասվում է փոփոխական ամպամածություն և առանց տեղումների եղանակ»,- գրել է նա։