Գագիկ Համբարյան. «ԵԱՀԿ Մինսկի խումբն ուղղակի ուզում է ապացուցել, որ կա և գործում է». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Լեհաստանի Կրակով քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը հանդես էին եկել հայտարարությամբ ու մասնավորապես նշել, որ արտգործնախարարները սկզբունքորեն համաձայնել են համանախագահների վերամշակած հայեցակարգային փաստաթղթին, որը վերաբերում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ նշված հայտարարությունից, քանի որ ադրբեջանական կողմը բացարձակ չի հրաժարվում իր ահաբեկչական կեցվածքից:
«Կրակովյան հանդիպումից առաջ ադրբեջանական կողմից զինադադարի խախտման հետևանքով մենք զոհ և վիրավորներ ունեցանք: Ադրբեջանն ամեն անգամ նման կարևոր հանդիպումներից առաջ իր ահաբեկչական գործողություններով ցույց է տալիս, որ դժգոհ է գոյություն ունեցող ստատուս քվոից: Նման գործողություններով Ադրբեջանը միջազգային հանրությանն ու հայկական կողմին փորձում է պարտադրել զիջումների գնալ»,–«Փաստ»–ի հետ զրույցում նշեց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի՝ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ընլայնմանը, քաղաքագետի խոսքով, այստեղ ևս մեծ սպասելիքներ չպետք է ունենալ. «Եղել են դեպքեր, երբ ադրբեջանական կողմը դիվերսիաներ էր կազմակերպում, բայց ընդամենը ժամեր անց նույն Ա. Կասպրշիկի գրասենյակը հայտարարում էր, որ իրենք ինչ–որ այլ տեղ մոնիթորինգ են արել, և ամեն ինչ հանգիստ է: Սա զավեշտ է: Այնպես որ՝ որքան էլ հայկական կողմը բանակցում է, պետք է պատրաստ լինի պատերազմի, որովհետև Ադրբեջանը 2016 թ.–ի ապրիլին ցույց տվեց, թե ինչի է ընդունակ: Մենք նաև ականատես եղանք, թե ինչպես է միջազգային հանրությունը լուռ դիտում, թե ինչպես է Ադրբեջանը պատերազմ սանձազերծում: Մենք պետք է ոչ թե դիվանագետների խոսքերին, եվրոպացիների ու, առավել ևս, Ադրբեջանի խոստումներին հավատանք, այլ մեր աչքերին ու իրականությանը: Նալբանդյան–Մամեդյարով հանդիպումները, մեծ հաշվով, բացի վնասից, որևէ այլ բան հայկական կողմին չեն տալիս: Մենք զոհեր ենք ունենում»:
Ըստ Գագիկ Համբարյանի՝ «սկզբունքորեն համաձայնության» գալու վերաբերյալ հայտարարությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբն ուղղակի ուզում է ապացուցել, որ կա և գործում է:
«Բացի այդ, մենք չպետք է մոռանանք, թե ում հետ գործ ունենք: Մենք գործ ունենք պաշտոնական Բաքվի հետ, որի ամենակարևոր ներկայացուցիչը՝ Իլհամ Ալիևը, ապրիլյան պատերազմից հետո, հանդիպելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, խոստացավ, որ պետք է կիրառվեն զինադադարի խախտման հետաքննական մեխանիզմները, որոնց համաձայն զինադադարը խախտող կողմը պետք է պատժվի: Իսկ ի՞նչ ենք մենք տեսնում, պաշտոնական Բաքուն կատարե՞ց իր խոստումը: Չկատարեց, բայց, ցավոք սրտի, հայկական կողմը սկսեց շարունակել բանակցությունները: Եվ շարունակեց այն դեպքում, երբ Բաքուն խաբեց... Իսկ Բաքուն խաբեց ոչ միայն Երևանին, այլև միջնորդներին: Այստեղ սպասելիք չի կարող լինել, երբ գործ ունենք այնպիսի հակառակորդի հետ, որն իր պարտավորությունները երբևէ չի կատարել և երբևէ չի կատարել իր խոստումը»,–նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ հայկական կողմը ևս իր մեղքի բաժինն ունի:
«Անկախ նրանից, որ Ադրբեջանը չէր կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ՀՀ նախագահը հանդիպման գնաց: Մենք ենք թույլ տալիս, որ Ադրբեջանն այսպիսի լկտի պահվածք դրսևորի: Ես, իհարկե, հասկանում եմ, որ մեզ վրա ճնշումներ կան, և այդ ճնշումները հիմնականում Ռուսաստանից են, բայց մենք էլ մեր ազգային շահը պետք է առաջ տանենք և պաշտոնական Մոսկվայի ոչ բոլոր ցանկություններն ի կատար ածենք»,–եզրափակեց Գ. Համբարյանը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում