Բարենպաստ եղանակով պայմանավորված՝ այս սեզոնին բերքի գինը 100–200 դրամով պակաս կլինի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Գյուղատնտեսական տարին վտանգված է: Նման կանխատեսում են անում գյուղատնտեսները՝ բերքի հնարավոր կորուստները պայմանավորելով տաք ու հիմնականում առանց տեղումների եղանակով:
Եղանակային այս պայմանները հատկապես անբարենպաստ են պտղատու ծառերի համար: Ըստ մասնագետների, հնարավոր է, որ ծառերը ժամանակից շուտ բողբոջեն, ինչի արդյունքում կմեծանա ցրտահարության ռիսկը:
Ջերմ ձմեռը, սակայն, ջերմոցատերերի սրտով է: Եղանակը ստիպել է հողագործներին գազը խնայողաբար օգտագործել: Արարատի մարզի Դարակերտ համայնքի բնակիչ Արմեն Սիմոնյանը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջերմատներում 30%–ով քիչ է գազ վառել:
«Ջերմատնային տնտեսություններում այս պահին բերքատվությունը ռեալ է, բարձր բերք կստանանք այն դեպքում, եթե տաք եղանակին չհաջորդեն մառախլապատ և ամպամած օրերը»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց գյուղացին:
Նրա խոսքով՝ վառելիքի տնտեսումն էլ կբերի բերքի էժանացման: Բարենպաստ եղանակով պայմանավորված՝ այս սեզոնին բերքի գինը 100–200 դրամով պակաս կլինի:
«Էժանացում կլինի: Վաղ գարնանը կարտոֆիլի գինը չի սկսվի 1000 դրամից, այլ՝ 300–400–ից, նույնը նաև ջերմատներում աճեցվող մյուս վաղահաս բերքի մասին է խոսքը: Մենք քչով կշտացող ժողովուրդ ենք, մեզ շատ մեծ շահույթներ պետք չեն, թող մի 5% լինի մեր եկամուտը, դա մեզ ամբողջովին բավարար է»,– նշեց նա:
Այս տարի ավելացել է նաև ջերմոց մշակողների թիվը: Պատճառը կրկին տաք եղանակն է: Ջեռուցման վրա քիչ փող ծախսելը գյուղացուն ջերմատուն է տարել:
«Եթե շուկայում նախորդ տարի 10 հոգի էր ջերմոցի բերք վաճառում, այս տարի՝ 20–ը կտանի, սա կբերի գնային մրցակցության»,– մատնանշեց նա:
Ջերմոցային ասոցիացիա ՀԿ նախագահ Պողոս Գևորգյանի կարծիքով՝ այս օրերին գրանցված բարձր ջերմաստիճանը բերքի ինքնարժեքի վրա չի ազդի: Թեև ցերեկը ջերմատները չեն տաքացվում, բայց գիշերը ստիպված են լինում +18–+20 աստիճան տաքություն ապահովել:
«Մինչև մեծ քանակությամբ արտադրանք չտանք, գինը չի նվազի, ինչքան էլ գազի սակագինն արտադրողի վրա էժան նստի: Կասեն՝ հազիվ ծայրը ծայրին հասցնում ենք, դա արդեն մտածելակերպ է: Ամբողջ աշխարհում Նոր տարուն ապրանքների գները իջնում են, մեզ մոտ՝ բարձրանում»,– նկատեց մեր զրուցակիցը:
Գազի գինը պետությունը 30 դրամով սուբսիդավորել է, բայց դա, ըստ Գևորգյանի, հողագործի ծախսերի բեռը չի թեթևացնում:
«Նոյեմբերից մինչև մարտ ամսին է դա վերաբերում, բայց գյուղացին հոկտեմբերից մինչև ապրիլ գազ է վառում: Գումարների մի մասը բարձր գնով են վճարում»,– փաստեց Պողոս Գևորգյանը:
Եթե ջերմոցատերերի համար լավ պայմաններ ստեղծվեն, Հայաստանում ջերմոցային տնտեսությունները սրընթաց կզարգանան: Ներքին շուկայում միայն տեղական արտադրանք կլինի, արտահանմանն էլ բաժին կհասնի:
«Գազի գնի իջեցում պետք է լինի, ներմուծման ծավալները պետք է նվազեն: Գյուղացին պետք է կարողանա եկամուտ ստանալ, ոչ թե աշխատածը գազին ու բանկին տա: Ես մի ֆերմեր ունեմ՝ գազի ցածր գնի ժամանակ ջերմոցների քանակն ավելացրել է: Ասում է՝ փողը հո չեմ տանելու բարձիս տակ դնեմ, տեսնեմ ջերմոցն ինձ փող է բերում, կդնեմ մի հատ էլ կսարքեմ»,– փոխանցեց նա:
Ջերմոցային ասոցիացիա ՀԿ–ն գյուղնախարարություն ծրագիր է ներկայացրել: Նրանք ջերմատների զարգացման համար պետությունից սուբսիդավորում են պահանջում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում