Ձուկ պետք է հաճախ ուտել
Շատ չեն այն մթերքները, որոնք հարուստ են սրտի և անոթների առողջության համար կարևոր օմեգա-3 ճարպաթթուներով և անփոխարինելի ամինաթթուներով: Այս առումով ձուկը բացարձակ ռեկորդակիր է:
Ձուկը հարուստ է նաև A, D, E վիտամիններով, երկաթով, ֆոսֆորով, կալցիումով, մագնեզիումով և ցինկով: Մասնագետները ձուկը դասում են ամենադյուրամարս սննդամթերքների շարքը. համեմատեք` 100 գ տավարի միսը պարունակում է 166 կկալ, իսկ նույնքան ձուկը` 91: Ուստի նիհարել ցանկացողներին խորհուրդ է տրվում տավարի, խոզի, ոչխարի միսը փոխարինել ձկնեղենով և թռչնամսով:
Նկատի ունեցեք նաև, որ ձկան մեջ պարունակվող սպիտակուցները մարդու օրգանիզմի համար շատ ավելի օգտակար են, քան այլ մսամթերքների սպիտակուցները: Ձուկը չափազանց օգտակար է տեսողության, հիշողության, եղունգների և մազերի առողջության համար, խթանում է ուղեղի աշխատանքը, խորհուրդ է տրվում շաքարախտով հիվանդներին: Ապացուցված է, որ շաբաթը 1 անգամ ձուկ ուտելու դեպքում կաթվածի հավանականությունը նվազում է 22%-ով: