Հայաստանում կայացավ Եվրասիական մարզական համագործակցության առաջին ֆորումը. Գագիկ Ծառուկյանը՝ նախագահ
Հայաստանում անցկացվել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը, որին մասնակցել են Գերմանիայի, Չինաստանի, Մոլդովայի, Լիտվայի, Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ:
Իր մասշտաբով և բնույթով բացառիկ միջոցառումը մեր երկրում է համախմբել Եվրոպայի և Ասիայի տարբեր երկրների օլիմպիական կոմիտեների նախագահների, համաշխարհային սպորտում հեղինակություն ունեցող անձանց:
Ֆորումի ընթացքում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընտրվել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ: Սա բացառիկ կարևորության իրադարձություն է միջազգային և հայրենական մարզաշխարհի համար, քանզի նշանակալիորեն մեծացնում է մեր հնարավորությունները լուրջ դերակատարում և ներկայություն ունենալու միջազգային մարզական հարաբերություններում և կարևորագույն նախագծերում։
Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ հայրենական սպորտի ղեկավարը նշել է, որ ֆորումը յուրօրինակ հարթակ է, որտեղ սպորտը դառնում է միավորող ուժ, կամուրջ Եվրոպայի և Ասիայի ժողովուրդների միջև: «Նման միջոցառման անցկացումը մեր երկրում գնահատում ենք որպես մեր պետության ակտիվ և վստահելի գործընկերոջ ընկալում միջազգային միջավայրում»,-ընդգծել է Գագիկ Ծառուկյանը հավելելով, որ Հայաստանի օլիմպիական կոմիտեն պատրաստ է հանդես գալ որպես ընդունող կողմ՝ մեր պետությունների մարզիկների համատեղ հավաքների համար, քանզի մեր մարզական օբյեկտները, կլիման, աշխարհագրական ռելիեֆը, մի շարք մարզական ուղղությունների համար բացառիկ հարմարավետ են։ Գագիկ Ծառուկյանն առաջարկել է մարզիչների և մարզական մասնագետների փոխանակման համատեղ խոշոր նախագծեր իրականացնել, համատեղել ջանքերը՝ միջազգային մակարդակում սպորտի զարգացման և Եվրասիական մայրցամաքի մի շարք պետությունների միջև առաջատար փորձի փոխանակման նպատակով։ ։