Ծառուկյանի առաջիկա մրցակիցը դրամական գրազ է առաջարկել հայ մարզիկին
Ամերիկացի ըմբիշ և բլոգեր Ջորջիո Պուլասը կիսվել է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համարը զբաղեցնող Արման Ծառուկյանի հետ սպասվող գոտեմարտի վերաբերյալ իր ակնկալիքներով։ Հիշեցնենք, որ մրցավեճը կայանալու է փետրվարի 28-ին՝ ազատ ոճի ըմբշամարտի RAF լիգայի մրցաշարի շրջանակում։
MMA Junkie-ին տված հարցազրույցում Պուլասը բարձր է գնահատել Ծառուկյանի մեդիա ակտիվությունը, սակայն կասկածի տակ է դրել նրա զուտ ըմբշամարտային հմտությունները։
«Ծառուկյանն այս պահին հսկայական անուն է։ Նրա թիմը գրագետ է աշխատում, և նա հաջողությամբ է զբաղվում իր PR-ով՝ գտնվելով ճանաչելիության գագաթնակետին։ Հենց այդ պատճառով էլ ես ցանկանում եմ մրցել նրա հետ․ սա ճակատագրի նվեր է, որը չէի կարող բաց թողնել»,- նշել է ամերիկացին։
Անդրադառնալով մարզական կողմին՝ Պուլասը նշել է, որ, չնայած Ծառուկյանի որակներին, ինքն իրեն ավելի փորձառու է համարում մրցագորգի վրա։
«Արմանը լավ ըմբիշ է, բայց ես այս մարզաձևով զբաղվում եմ ամբողջ կյանքս և հանդիպել եմ նրանից շատ ավելի ուժեղ մրցակիցների։ Ի վերջո, նա խառը մենամարտերի (MMA) մարտիկ է, իսկ ըմբշամարտն իմ տարերքն է»։
Բլոգեր ըմբիշը նաև համարձակ մարտահրավեր է նետել՝ առաջարկելով դրամական գրազ։
«Թեև Ծառուկյանը հիանալի դրսևորեց իրեն Լենս Պալմերի դեմ, ես հավատում եմ, որ նա չի կարողանա ինձ գետնին տապալել։ Ավելին, ես պատրաստ եմ 1,000 դոլար վճարել յուրաքանչյուր հաջողված տեյքդաունի (գետնին տեղափոխելու) համար»,- եզրափակել է Պուլասը։