Այսօրվա դիսկուսում ես կարող եմ հետամնաց երևալ, բայց եթե ազգայինը հետամնացության հետ է համեմատվում, ոչինչ՝ թող ինձ ընկալեն հետամնաց․ Մհեր Ավետիսյան
Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ճիշտ է, այսօրվա դիսկուսում ես կարող եմ հետամնաց երևալ, բայց եթե ազգայինը հետամնացության հետ է համեմատվում, ոչինչ՝ թող ինձ ընկալեն հետամնաց։
Չեմ առաջարկում տարազով ապրել կամ տարազով գնալ աշխատանքի, բայց կարող ենք մեր ազգային տարազը օգտագործել տոնական առիթների ժամանակ։ Ինչո՞ւ ոչ՝ եվրոպական տարբեր ազգերի օրինակով ամիսը կամ շաբաթը մեկ անգամ տարազով դուրս գալ փողոց, որպեսզի և՛ մեր քաղաքի հյուրերը, տուրիստները տեսնեն մեր ազգայինը, և՛ մեր աչքը սովորի, որ մենք ունեցել ենք նման հագ ու կապ, նման ապրելակերպ, որը պետք է փոխանցենք նաև ապագա սերունդներին։
Եվ առհասարակ, ես կարծում եմ, որ մեր ազգային տարազը բավականին ճաշակով է եղել, և եթե հիմա որոշակի մոդեռնացում ապրի, այն կարող է նաև լինել իսկապես արդի, ժամանակակից, և մեր ազգը կարող է դրանով ներկայանալ նաև այսօրվա համամարդկային քաոսին՝ ցույց տալով, որ նույնիսկ ժամանակակից գլոբալիզացիայի պայմաններում մենք ունակ ենք մեր ազգայինը պահելու, մեր տեսակը պահպանելու։
Եվ, այո՛, ես կարծում եմ, որ այն ազգերը, որոնք կառչած են իրենց արմատներից, իրենց ազգայինից, կարող են ունենալ ապագա, իսկ նրանք, ովքեր կուրորեն տրվում են գլոբալիզացիային և փորձում են նմանվել այն քաոսին, որը այսօր տիրում է աշխարհում, կարող են ձուլվել և կորցնել իրենց ազգային գիծը։