Բանակին կարտոֆիլ մատակարարողները գերշահույթ են ստանում գյուղացիների հաշվին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Պաշտպանության նախարարությանը կարտոֆիլ մատակարարողներն այս տարի գյուղացիներից կարտոֆիլի կիլոգրամը 65–70 դրամով են գնում, իսկ զորամասերին ավելի բարձր գնով հանձնում: Տասը օր առաջ Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի կարտոֆիլագործները 65 դրամով են կարտոֆիլ վաճառել: Նորակերտի բնակիչները «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասացին, որ գինն արդարացված չէ, բայց ստիպված են այդ քայլին գնալ:
«Անճարները տալիս են, բա ի՞նչ անեն: Նրանք, ովքեր հնարավորություն ունեն հանրապետությունում գործող շուկաներ տանել, չեն տալիս: Մնացածները վախենում են չիրացվի, մնա փչանա, ստիպված վաճառում են»,– ասացին նրանք:
Կարտոֆիլագործների խոսքով՝ բանակին կարտոֆիլ մատակարարողները գերշահույթ են ստանում իրենց հաշվին: 80%–ի պարագայում գյուղացիներից կարտոֆիլ գնող և բանակին վերավաճառող միջնորդները գերշահույթ են ստանում` գրեթե ոչ մի աշխատանք չկատարելով։
«Սերմին փող ենք տալիս, վարին ու ցանքին՝ նույնպես: Հետո ամբողջ տարին էլի ենք ծախս անում՝ բուժանյութ ենք տալիս: Հողից հանելը կրկին ծախս է, տուն հասցնելը՝ նույնպես: Բայց ջրի գնով վերջում վաճառում ենք»,– սրտնեղեցին նորակերտցիները:
Նույն գնով ՊՆ–ին կարտոֆիլ չեն պատրաստվում տալ Մեծ Մասրիկ համայնքում: Միջնորդները եկել են ու իրենց պայմանները ներկայացրել, գյուղացիներն էլ հրաժարվել են նրանց հետ առևտուր անել: Բերքը քիչ է, կարտոֆիլագործը բարձր գին է սահմանել:
«Դա գին չի՝ ձեռառնոցի է: Մենք էդ գնով նրանց ապրանք չենք տա: Մեզանից երկու անգամ ավելի են եկամուտ ստանում: Մեզ մենակ չարչարանքն է մնում: Սերմի գինը սկսվում է 350 դրամից: Հոլանդականը 600 դրամով է վաճառվում: Հիմա ի՞նչ անենք` 600–ով առնենք, 65–ով ծախե՞նք»,– բողոքեցին մեր զրուցակիցները:
Կարտոֆիլն այս տարի առատ չի եղել: Համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանի տեղեկացմամբ՝ երաշտը ազդել է բերքատվության ցուցանիշի վրա:
«Տաք օրեր շատ եղավ: Բարձր ջերմաստիճանը կարտոֆիլին լավ չի ու պակաս է բերքը»,– նշեց նա: Այստեղ 500 հեկտար կարտոֆիլ են մշակել:
Սոթքում նույնպես ոչ ոք կարտոֆիլ չի հանձնում: Ամիսներով չթրջված հողում բերքը քիչ է ստացվել: Միայն նրանց է հաջողվել բարձր բերքատվություն ստանալ, ովքեր կարողացել են դաշտերը ոռոգել:
«Բանակը չի էլ կարող բարձր գին տալ, բայց մենք էլ չենք կարող իր հետ համաձայնվել: Նախորդ տարի բերքը շատ էր, գինն էժան, բանակի առաջարկած գինը մարդկանց հետաքրքրում էր»,– ասացին Սոթքի բնակիչները:
Նախորդ տարի մատակարարները 40–50 դրամով էին կարտոֆիլ գնում: Այդ շրջանում շուկայում վաճառվում էր 110–120 դրամով: Գներից դժգոհ Վարդենիսի տարածաշրջանի բնակիչները փակեցին միջպետական ճանապարհը: Հարցը նաև Ազգային ժողովի ամբիոնից բարձրաձայնվեց: Գներն այդպես էլ, սակայն, չկարգավորվեց: Գյուղացիները պահանջում են կարտոֆիլի մթերման համար անփոփոխ գին սահմանել, ինչպես խաղողի դեպքում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում