Անհետացած երեխային տեսել են մեծ եղբոր հետ, հետո տեսել են, որ եղբայրը միայնակ տուն է վերադառնում. երեկ երեխայի մայրիկի ծննդյան օրն է եղել. Գեղարքունիքի մարզպետ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անդրադարձել է Ծափաթաղի 3-ամյա բնակիչ Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքներին։
«Երեկ 18։00-ի մոտակայքում ահազանգ է եղել ու այդ ժամանակվանից փրկարար ծառայությունը, մարզի մյուս համայնքներից կամավորները մասնակցել են որոնողական աշխատանքներին, բայց դեռ ոչ մի արդյունք չունենք: Հիմա ևս շարունակվում են որոնողական աշխատանքները»,– լրագրողների հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետը։
Նա նշել է, որ հարազատների խոսքով՝ երեխան եղել է իր մեծ եղբոր հետ, փոքրիկի ընտանիքը սոցիալապես անապահով է, համայնքի կողմից աջակցություն է ցուցաբերվել նրանց։
Խոսելով շրջանառվող վարկածների մասին՝ Սարգսյանն ասել է․ «Խոսակցություններ կան, որ երեխաներին տեսել են այստեղ, երեխաներին տեսել են քիչ ներքևում, հետո մի եղբորը տեսել են տուն վերադառնալիս, բայց հակասական են այդ խոսակցությունները, չեմ ուզում, որ դրա վրա կենտրոնանանք։ Ավելի լավ է որոնողական աշխատանքները ամբողջությամբ իրականացնենք, փորձենք հասկանալ»:
Սարգսյանը նաև հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ երեխայի մորը տարել են ոստիկանություն․ «Չկա այդպիսի բան։ Ես տեղյակ չեմ, որ մորը ոստիկանություն տեղափոխած լինեն, տեղյակ եմ, որ երեկ երեխայի մայրիկի ծննդյան օրն է եղել, ծննունդը նշել են իրենց տանը»,– ասել է մարզպետը։