Պանիրը թանկացել է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հանրապետությունում պանիրը թանկացել է: Մեկ շաբաթ է «Լոռի» տեսակի պանիրը վաճառվում է կիլոգրամը 1900–2000 դրամով: Պանրի մեկ կիլոգրամի գինը բարձրացել է 100 դրամով: Արտադրողները բացատրում են՝ կաթն են թանկ գնում:
«Անցյալ տարի այս ժամանակ կաթի լիտրը 100– 120 դրամ էինք գնում, իսկ այսօր՝ 130–140 դրամ, դրա համար էլ մենք մեր արտադրանքն ենք ստիպված թանկացնում»,– «Փաստ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանեց Աշոցքի պանրի գործարանի տնօրեն Գեորգի Բաղդասարյանը:
Այս տարի հանրապետությունում երաշտ է գրանցվել, եղանակային պայմաններն արդեն իրենց ազդեցությունը թողել են. կաթի արտադրությունը պակասել է: Այն իր հերթին բացասական հետևանքներ է ունեցել պանրի արտադրության ծավալների վրա:
«Էս 40 տարվա մեջ ես այսպիսի բան չեմ հիշում: Հազիվ կարողացել եմ մի 400 տոննա կաթ ընդունել: Երաշտով պայմանավորված` կաթ չկա»,– նշեց պանրագործը:
Պանրի արտադրության ծավալները նվազել են՝ իր հերթին փաստեց Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը:
«Կաթի քանակը քիչ է, դրանով էլ պայմանավորված` պանրի արտադրության ծավալներն են քչացել: Եկող տարվա սկզբին արդեն պանրի դեֆիցիտ է սպասվում»,– հայտնեց Գիգոյանը:
Պանրի արտադրության ծավալների նվազմամբ պայմանավորված՝ նաև արտահանման ծավալներն են կրճատվել: Առայժմ տվյալներ չկան, բայց պանրագործները վստահեցնում են՝ նախորդ տարիների համեմատ արտահանման ծավալները պակաս կլինեն:
Պանրի թանկացման մասին նաև Ազգային վիճակագրական ծառայությունն է վկայակոչում: Կաթնամթերքի շուկայում 2017 թվականի օգոստոսին հուլիսի համեմատ 0,1% գնաճ է գրանցվել: Իսկ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017 թ. օգոստոսին 2016 թվականի օգոստոսի համեմատ արձանագրվել է 1,4% գնանկում:
Ի դեպ, իսկ մայիս ամսվա տվյալներով, Հայաստանում արտադրվել է 6 831,3 տոննա պանիր, ինչը 2016 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,5%–ով։
Համաձայն ԱՎԾ–ի՝ կաթի արտադրության ծավալները հունվար–մայիսին աճել են 0,3%–ով:
2016 թ.–ի հունվար–մայիսին հանրապետությունում արտադրվել է 216,7 մլն լիտր կաթ, ապա 2017թ–ին՝ 217,4 մլն լիտր։ Նշված ժամանակահատվածում 19,6%–ով նվազել է թթվասերի արտադրության ծավալը՝ կազմելով 2 039,7 տոննա: Հունվար–մայիսին 7,6%–ով էլ նվազել է կաթնաշոռի արտադրության ծավալը՝ կազմելով 359 տոննա: 4,7%–ով նվազել է նաև մածունի արտադրության ծավալը և կազմել 2 411,8 տոննա։
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում