Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders
Socity

«Երեք օր չզանգեմ, ուրեմն չկամ, փնտրեք ինձ». կրտսեր սերժանտ Դավիթ Շահնազարյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դավիթը չորս քրոջ եղբայր է, ամենակրտսերն ընտանիքում: «Ասում էի՝ այնքան աղջիկ կունենամ, մինչև տղա ծնվի: Աստծուն խնդրելով ունեցանք Դավիթ: Շատ սիրված, լավ պահված երեխա էր: Պապիկը լավագույն հեծանիվն իր համար պիտի գներ, լավագույն խաղալիքները պետք է Դավիթինը լինեին, իր ծննդյան օրերը գյուղով էինք նշում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սոնան՝ Դավթի մայրիկը:

Որդու բնավորության մասին խոսելիս ասում է՝ շատ աշխույժ էր, կատակասեր, հետաքրքրասեր, բոլորի հետ սիրով: «Ապրիլի մեկի ծնունդ է Դավիթս, տիպիկ իր օրվա ներկայացուցիչը: Մեր բարեկամներից շատերը չէին հավատացել, որ ասել էին՝ Սոնան տղա է ունեցել, բոլորին թվացել էր, թե ապրիլի մեկն է, ու իրենց խաբում են: Որքան լավ հատկանիշներ կային, դրանք Դավթին տրված էին: Եթե տեսներ՝ գյուղում ինչ-որ մեկը ձեռքին ծանր իր է տանում կամ ձեռքին տոպրակ կա, պետք է վազեր օգնության, մարդուն տուն ուղեկցեր: Գյուղում իրեն բոլորը շատ էին սիրում, անգամ կատակով ասում էին՝ «և՛ պապիկից է լավ տղա, և՛ հայրիկից»:

Հետո ինչ-որ պահից սկսած աշխատում էր: Կանգնում էր խանութում, որքան մարդ մտներ, ամենալավ պաղպաղակը կգներ ու կճանապարհեր տուն: Դպրոցում Հայոց լեզվի և գրականության իր ուսուցչուհին ես եմ եղել: Շատ կիրթ էր, գրագետ, բայց սովորելը չսիրեց»: Դավիթը նաև պատանի երկրապահ է եղել: Աճարկուտի հիմնական դպրոցից հետո 10-րդ դասարանից ուսումը շարունակել է Ներքին Ծաղկավանի դպրոցում: «11-րդ դասարանում Հայոց լեզվից թելադրություն էին գրել, Դավիթը ութ միավոր էր ստացել: Ունակ էր սովորելու, բայց չսովորեց: Սերն ուղղել էր սպորտին: Դպրոցական տարիներին զուգահեռ նաև սամբոյի է հաճախել: Էներգիան այնքան շատ էր, որ որոշեցինք այն սպառելու համար սպորտի տանել, բայց սպորտն էլ դրան «չօգնեց»:

Հայաստանի փոխչեմպիոն էր, բազմաթիվ մրցումների է մասնակցել նաև արտերկրում, մեդալներով տուն վերադարձել: Արցախում ևս շատ մրցումների է մասնակցել: Նույնիսկ իրենց վերջին զանգը Արցախում էին կազմակերպել: Շուշիի պատի մոտ նկար ունի: Միջոցառման ժամանակ էլ Շուշիի հյուրանոցում այնպես է պարում, նկարագրելու չէ»: Իր ապագան Դավիթը սպորտի հետ էր միաձուլել, մայրիկն ասում է՝ մտածում էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ ընդունվելու մասին. «Բայց ամեն ինչ կիսատ մնաց»: 2019 թ.-ին ամառային զորակոչի ժամանակ Դավիթը մեկնում է պարտադիր զինվորական ծառայության: Ուղղությունը՝ Արցախի Հանրապետություն, Հադրութ:

«Ծառայությունը շատ էր սիրում: Հրաշալի էր տրամադրված նախքան մեկնելը, առհասարակ, որտեղ ընկներ, գլուխ էր հանում: Արձակուրդ էր եկել, օրերն էր հաշվում, թե երբ պետք է զորամաս վերադառնա: Վերջին անգամ երեխուս արձակուրդի օրերին եմ տեսել: Դեկտեմբերի 16-ին իր հայրիկի ծննդյան օրն է: 2019 թ.-ի դեկտեմբերի 14-ին զանգեց՝ մա՛մ, պապային չասես, բայց իր ծննդյան օրն արձակուրդ եմ գալու: Մի պահ տեսա, որ հայրիկը ժպտում է, ասաց՝ չգիտեմ, ճիշտ է, թե չէ, բայց Դավոն ասում է, որ քո ծննդին այդտեղ պետք է լինեմ: Երեխես եկավ, ու վերջին անգամ իրեն այդ ժամանակ տեսանք: Ծառայելու ժամանակ մի օր զանգեց հայրիկին՝ ծանոթ գտեք, գնամ Արմավիրում սերժանտական կուրսերի: Իր հայրիկը չի սիրում միջամտել, մերժեց իրեն այսպես՝ Դավի՛թ ջան, չէ, ուզում ենք, որ հանգիստ ծառայես ու տուն վերադառնաս: Մեկ էլ մի օր լսեցինք, որ արդեն Արմավիրի ուսումնական զորամասում է: Հետո՝ Մարտունի 2-ում նորակոչիկներին կարանտին է տարել»:

Դավիթը միշտ ձգտել է օգտակար լինել իր ընկերներին ու օտարներին: «Դավիթից հետո մեր գյուղ մտնող ճանապարհին շատ մեծ պաստառ փակցվեց: Իր ընկերներից մեկը մի օր զանգում է Դավթին, թե՝ հասի օգնության: Հասնում է, բոլոր հարցերը կարգավորում, ընկերոջը ճիշտ «հանում»: Շատ հետո Արթուրը գալիս-գնում էր մեր տուն, նկարներ տանում-բերում, հետո գյուղ մտնող ճանապարհին այդ մեծ պաստառը փակցվեց: Միշտ մտածում էի, թե ինչու է նման բան անում Դավիթիս համար, հետո արդեն այդ պատմության մասին իմացա»: Մայրիկի խոսքով, որդին պատերազմի սկսվելուց երկու օր հետո է տուն զանգել: «Իր հեռախոսը, զինգրքույկը մնացել էին զորամասում: Բոլորն իրենց հեռախոսի համարները տվել էին նորակոչիկներից մեկին, նա զանգում էր իր մամային, հերթով տալիս ծնողների համարները, զանգում էին մեզ, ասում, որ տղաները լավ են, բունկերներում են, բայց, դե, ինչ բունկեր, մարտի դաշտում էին»: Տիկին Սոնան նշում է՝ պատերազմի օրերին արագ արձագանքման խումբ են կազմել Գերազնիկ Տոնոյանի հետ ու ուղևորվել Շուշի:

«Իր ընկերներից ողջ մնացածներն են պատմում սա, հավաստում՝ վիրավորներին Դավիթն է շտապօգնության մեքենան դրել ու ճանապարհել: Մարտի դաշտում վիրավորվել է, ուշքի եկել, բայց իր համար եկած շտապօգնության մեքենայով վիրավոր ընկերոջն է ճանապարհել, իրեն վիրակապել և էլի մտել կռվի դաշտ: Ասում են՝ որտեղ թեժ կռիվ էր, Դավիթն այնտեղ էր: Տարբեր տեղերում է եղել՝ Հադրութում, Քարինտակում, Շուշիում, մի նկար էր ուղարկել, գրել էին՝ ջերմ ժպիտներ Աղդամի քաջերից, ուրեմն, այնտեղ է եղել կռվի ժամանակ: Ու այդպես 43 օր պայքարել է դժոխքի ձորում: Մարտի դաշտում ցանկացել են իրեն լեյտենանտի կոչում տալ, Դավիթը հրաժարվել է՝ պատերազմը կավարտենք, նոր: Բայց ինքը չավարտեց պատերազմը»: Մայրիկը նեղսրտում է մեկ բանի համար՝ պատերազմի դաշտում որդու արածը պետությունն ըստ արժանվույն չգնահատեց:

«Պատերազմի դաշտում չենք եղել, իր ընկերները, որոնք վերադարձել են, շատ բան են պատմում այդ օրերի, Դավիթի կռվի, ուժի, հրամանատարական ձիրքի մասին: Դավիթս պիտի այլ մեդալով ևս պարգևատրվեր: Պետությունը պետք է ճիշտ գնահատեր մեր բոլոր տղաների սխրանքը: Մեզ պետք չէր այն գումարը, որ կտրվեր, բայց ինչու ոչ, մեր Դավիթն արժանի էր «Մարտական խաչի»: Դա մենք չենք ասում, որպես իր ընտանիքի անդամներ, դա ասում են իր զինակից ընկերները: Մի բան պատմեմ: Դավիթի զոհվելու 40-րդ օրը չէր լրացել: Երևանում ցույցեր էին: Մի տղամարդ ասաց՝ էստեղ աթոռի կռիվ եք անում, Շուշիում 20 տարեկան սերժանտն է կռվում, հրամանատարի դեր տանում: Մեր աղջիկները, չգիտես ինչու, ասացին՝ խոսքը մեր Դավիթի մասին է: Գտանք այդ մարդուն, զանգահարեցինք, երբեք այդ մարդու գոռոցը չեմ մոռանա, հետո Դավիթիս ծննդյան օրը եկավ մեր տուն: Այնպիսի բաներ էր պատմում, նկարագրելու չէ:

Դավիթս WarGonzo-ի տեսանյութերում էլ կա՝ հպարտ, իր հայացքով կարծես ասի, որ չենք տալու, պայքարելու ենք»: Նոյեմբերի 7-ին Դավիթը զանգում է քրոջ ամուսնուն՝ «եթե երեք օր չզանգեմ, ուրեմն չկամ, փնտրեք ինձ, այնպիսի տեղ եմ գնում, որ երևի դուրս չգամ»: Նոյեմբերի 10-11-ին Դավիթի հայրիկը Ստեփանակերտում էր, իսկ օրեր անց նրանց որդին արդեն տանն էր: «Որոշեցինք՝ պետությունից ստացված գումարը մեր տուն չի մտնելու: Մեր երեխային չենք վաճառել: Գյուղում փառքի մեծ պուրակ ենք կառուցել Դավիթի կիսանդրիով, անտառում շատ մեծ տաղավար սարքել, խաչքար տեղադրել իր նկարով»: Դավիթն անմահացել է հայկական բերդաքաղաք Շուշիում: Տիկին Սոնայի հետ մեր զրույցն այսպես ավարտվեց. «Դավիթից հետո բոլորս առողջական խնդիրներ ձեռք բերեցինք, մեզ համար շատ ծանր է: Մեռած ապրում եմ, ապրելու ուժ չկա»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Դավիթ Շահնազարյանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Տավուշի մարզի հայրենի Աճարկուտ գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում