Երբե՛ք չփնտրեք այս հեշթեգն Ինստագրամում. ևս մեկ ինքնասպանություն՝ սարսափելի մարտահրավերի պատճառով
«Ինքնասպանության խաղը» ներառում է 49 խճճված առաջադրանքներ մինչև վերջնական «հաղթանակը»։
Իսաիահ Գոնսալեսի հայրն անցած շաբաթ գտել է որդու մարմինը։ Սան Անտոնիոյի 14-ամյա բնակիչը կախվել է սենյակում, իսկ հեռախոսը դրել կողքին՝ կոշիկի մեջ, որպեսզի իր ինքնասպանությունն ուղիղ հեռարձակվի ամբողջ աշխարհում։
Գոնսալեսների ընտանիքը որոշել է պատմել մահվան մասին՝ հուսալով, որ կօգնեն մյուս ծնողներին՝ կանխելու, որ իրենց երեխաները մասնակցեն սոցիալական մեդիան տակնուվրա արած «Կապույտ կետ» մարտահրավերին։
Չնայած մարդիկ սկզբում մտածում էին, թե խաղը կեղծիք է, սակայն Իսաիահի մահը ցույց է տալիս, որ այդ հեշթեգն իսկապես կարող է ունենալ իրական ու մահացու հետևանքներ։
Իսկ ինչպե՞ս է այն աշխատում։
Օգտատերերը խաղի հեղինակին գտնում են՝ պարզապես օնլայն փնտրելով մարտահրավերի անունով հեշթեգը։ Բավական է միայն փնտրել, այդ մարդը սկսում է ամեն օր առաջադրանքներ ուղարկել օգտատերերին, այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են ձեռքի վրա ածելիով «F57» փորագրելը, տանիք գնալն ու եզրին նստելը, երկաթուղային կայարան այցելելը և այլն։
Խաղի մասնակիցները պետք է ամեն կատարված առաջադրանք նկարեն, ուղարկեն նրան ու ստանան նոր առաջադրանք։
Իսկ ամենավերջին առաջադրանքն է սպանել ինքդ քեզ։
Ենթադրվում է, որ խաղը սկիզբ է առել Ռուսաստանում, բայց այն տարածվել է ամբողջ աշխարհում։
Ինչպես SkyNews-ն է հաղորդում, առնվազն 130 մարդ ինքնասպան է եղել որպես խաղի մասնակից։
Քոլեջի մի ուսանող SkyNews-ի հետ զրույցում ասել է, որ չէր հավատում դրան ու ցանկացել է փորձել ու փնտրել է հեշթեգը։ Նա գտել է խաղի հեղինակին ու ստացել սարսափելի առաջադրանքներ։ Նա ասում է.
- Նրանք սկսում են հոգեբանորեն մանիպուլյացիայի ենթարկել քեզ։ Այդ ամենը շատ պրոֆեսիոնալ է արվում։ Դու մի տեսակ զոմբիանում ես։
Իսաիահի ընտանիքը պարզել է, որ տղան մասնակցել է մարտահրավերին՝ նրա հեռախոսը զննելուց հետո։
Նրանք տեսել են, որ նա պարբերաբար նկարներ է ուղարկել ընկերներին՝ հերթական առաջադրանքը կատարելուց հետո։
- Այդ ամենը սատանայական է, իսկ իմ տղան երբեք նման բաներով չի հետաքրքրվել,- հայտնում է Իսաիահի հայրը,- նրա ընկերներն այդ նկարները որպես կատակ են ընդունել, բայց եթե նրանցից ինչ-որ մեկը գոնե մի բան ասեր մեզ այդ ամենի մասին, հիմա իմ տղան ողջ կլիներ։
Նրա մահը Ամերիկայում երկրորդն է. դրանից մի շաբաթ առաջ էլ Ատլանտայից 16-ամյա աղջիկ էր սպանել իրեն։
Կանզասից Մելիսա Փեթոնին հաջողվել է կանգնեցնել 12-ամյա դստերը խաղն ավարտելուց։ Նա դստեր հեռախոսի մեջ գտել է խաղի լուսանկարներից ու իմացել, որ Instagram-ում մի անծանոթ հրավիրել է նրան՝ մասնակցելու խաղին։ Աղջիկը Instagram-ում իր բիոն դարձրել է «I_am_whale»` «ես կետ եմ», իսկ ձեռքին «F57» փորագրել։
Մինչ Իսաիահի ընտանիքը պատրաստվում է նրա հուղարկավորությանը, իրավապահ մարմինները, դպրոցներն ու ծնողները աշխատում են բոլորին տեղյակ պահել այս սարսափելի թրենդի մասին։
Ծնողները պետք է երեխաներին սովորեցնեն սոցիալական մեդիայից գրագետ օգտվել ու հեռու մնալ կասկածելի բաներից։
Ինստագրամն էլ իր հերթին է քայլեր ձեռնարկում նման մահերը կանխելու համար։ Երբ օգտատերերը փնտրում են մարտահրավերը, հայտնվում է հաղորդագրություն՝ ետ պահելով հրապարակումները նայելուց։