Ամենահարազատ դերն ապրում եմ իմ ընտանիքում, դա «հայր» դերն է․ Սարգիս Գրիգորյան
Citylife.am- Սարգիս, հեռուստաղիտողը Ձեր բոլոր դերերին մի նոր ու թարմ շնչով է սպասում․ ինչպե՞ս է Ձեզ հաջողվում կերտել նման կերպարներ։
Սարգիս– Ես իմ մասնագիտությանը վերաբերվում եմ բավականին լուրջ, և սիրով եմ անում, դա առաջին պայմանն է։ Հեռուստադիտողի հետ մաքսիմում անկեղծ եմ լինում, որն էլ, բնականաբար, իմ և հեռուստադիտողի մեջ կապն ավելի է ամրապնդում։ Եթե անկեղծությունն ու գործի նկատմամբ սերը չեղավ, ապա ոչինչ չի ստացվի։
Citylife.am- Այսպիսով, կարող ենք արդյո՞ք ենթադրել, որ դերասանի գործում ամենակարևորն անկեղծությունն է։
Սարգիս– Դերասանի, և ոչ միայն, բոլոր գործերում կարևոր են անկեղծությունը, նվիրվածությունն ու սրտացավությունը։ Բնականաբար շնորք էլ է պետք։ (ժպտում է)
Citylife.am- Սարգիս, դուք խաղացել եք իրարից բավականին տարբեր դերեր․ ո՞րն է այն դերը, որն ավելի հոգեհարազատ է եղել Ձեզ և որում իրական Սարգսի կերպարն ենք տեսել։
Սարգիս– Ամենահոգեհարազատ դերը չեմ խաղացել, այլ ապրում եմ այդ դերում՝ իմ ընտանիքում «հայր» դերն է։ Իսկ մնացած բոլոր դերերին փորձում եմ համապատասխան գույն տալ։
Citylife.am- Նկարահանվում եք «Դեպի վայրէջք» նոր բազմասերիանոց ֆիլմում. ինչպե՞ս ստացաք առաջարկը և ինչպե՞ս ընդունեցիք։
Սարգիս– Դե առաջին հերթին սյուժեն էր հետաքրքիր՝, օդաչուի դերը։ Նաև չէի աշխատել ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ, գրավեց նաև նոր թիմը ․հետաքրքիր էր, թե ինչպես կստացվի։
Citylife.am- Ինչի՞ մասին է ֆիլմը, և ունի արդյո՞ք ուսուցանող իմաստ։
Սարգիս– Ֆիլմը մի ցավոտ հարցի մասին է՝ թրաֆիքինգի։ Այն մասին, որ կանանց, աղջիկներին տանում են տարբեր երկրներ նորմալ նպատակներով, սակայն վերցնելով անձնագրեր և ենթարկելով հալածանքների ստիպում են զբաղվել մարմնավաճառությամբ։ Սա 21-րդ դարում ցավոտ խնդիր է ոչ միայն Հայաստանի այլ ամբողջ աշխարհի համար։
Citylife.am- Հարցազրույցներից մեկում նշել եք, որ բաց տեսարաններում կխաղաք միայն այն ժամանակ, երբ ֆիլմն իսկապես կարևոր իմաստ կունենա։Այս ֆիլմում կան բաց տեսարաններ, որում կաք նաև Դուք. արդյո՞ք պատճառն իմաստի առկայությունն է, և եթե այո՝ ո՞րն է։
Սարգիս– Ունի ասելիք, որը հետաքրքիր է։ Հասկանում եմ, որ հիմա նման բաների վրա կենտրոնանալը մեր մասնգիտության մեջ առնվազն ծիծաղելի է։ Դա ինձ համար սովորական տեսարան է, որը չի տարբերվում օրինակ երկխոսությունից։ Իսկ ֆիլմը ցույց է տալիս նաև, թե ինչպես կանխել այդ ամենը։
Citylife.am- Մի փոքր խոսենք ապագա պլաններից. ի՞նչ նոր մտքեր և նոր առաջարկներ կան։
Սարգիս- Անկեղծ ասած տեղին չեմ համարում պլանները չիրականացրած բարձրաձայնել դրանց մասին։ Միայն կասեմ, որ երկու ֆիլմ ունենք, ուզում ենք նկարահանել, և ես էլ կամաց-կամաց ուզում եմ մտնել կինոարտադրության մեջ։ Շատ նկարահնվելով հասկանում եմ, որ նաև կարող եմ ինքս մի նոր մտքի հեղինակ լինել, այսինքն լինել ոչ թե ռեժիսոր, այլ զբաղվել պրոդյուսինգով։ Փորձեմ կյանքի կոչել ֆիլմեր, որոնք հետաքրքիր են, շատ արժեքներ են պարունակում։ Դա նաև կօգնի ինձ խաղալ այն դերերը, որոնք ավելի հոգեհարազատ կլինեն ինձ։
Citylife.am- Բոլոր ժամանակների լավագույն հայ դերասան(ուհի)։
Սարգիս– Մհեր Մկրտչյան։
Citylife.am- Բոլոր ժամանակների աշխարհահռչակ լավագույն դերասան(ուհի)։
Սարգիս– Անդրեյ Միռոնով։
Citylife.am- Ձեր սերլի ֆիլմը։
Սարգիս– Շատ կան, բայց երևի թե՝ «Կնքահայրը»։
Citylife.am- Միտք, որով ուղղորդվում եք կյանքում։
Սարգիս– Անկեղծ լինել ինքդ քո նկատմամբ և վերաբերվել պատասխանատվությամբ ցանկացած գործի։
Citylife.am- Նախընտրած երկիր, որտեղ նաև կցանկանաք ապրել։
Սարգիս– Հայաստան։
Citylife.am- Իսկ Հայաստանը լքելու միտք երբևէ չի՞ լինի։
Սարգիս– Եթե ինձ այստեղ նեղացնեն, ես էլ կնեղանամ։