Բրոնզե բացառիկություն. հայ ճարտարագետը մետաղական քանդակներ է ստեղծում
mir24.tv–ն գրում է, որ հայ ինժեները 25 տարի քանդակներ է ստեղծում սեփական տեխնոլոգիայով։ Միաժամանակ վարպետը խոստովանում է, որ իր ողջ կյանքում արվեստի մասին ոչ մի գիրք չի կարդացել։
Ձին 300 տարի հետո հենց այդպիսի տեսք կունենա, վստահ է ինքնուս քանդակագործ Կարեն Թերզյանը։ Նրա նոր հավաքածուում, որը խորհրդանշում է համաշխարհային քաղաքակրթության հետընթացն ու անհետացումը, առկա է դեֆորմացված կենդանի։ Դա առաջին ավարտված քանդակն է։ «Այս աշխատանքը կկոչվի «Աստծո դեմքը», ես ասում եմ «կլինի», քանի որ այն դեռ պատրաստ չէ, ավելի շատ ոսպնյակներ կտեղադրվեն այս շրջանակի մեջ, աշխատանքի իմաստն այն է, որ Աստված բարկանում է մեզ և մեր անկատարության վրա»,- ասել է մետաղագործ Կարեն Թերզյանը։ Կարեն Թերզյանը խոստովանում է, որ միշտ հեռու է եղել բարձր արվեստից: 1990-ականներին նա սկսել է փորձեր կատարել թանկարժեք մետաղների հետ, բայց հասկացել է, որ ոսկին և արծաթը չափազանց ճկուն են և հեշտ մշակվող, բրոնզը իրեն ենթարկելը շատ ավելի դժվար է։ Ինժեներն ընդունել է այդ մարտահրավերը և այդ ժամանակվանից ի վեր փորձում է աշխատել միայն դրա հետ։ Սկզբում նա պատրաստել է բույսերի բրոնզե կրկնօրինակներ։ Այդ բարդ տեխնիկան տիրապետելով հասկացել է, որ հնարավոր է սյուժետային գործեր ստեղծել։ Ահա թե ինչպես է ծնվել «Աշխարհի ծագումը» կոմպոզիցիան, որտեղ Ադամն է, Եվան և մեղքի խնձորը։ Կոլաժներ, արձանիկներ, մոմակալներ և կենցաղային իրեր։ Ավելի քան հարյուր ստեղծագործություն, և յուրաքանչյուրը բացառիկ: Ստեղծման գործընթացը հեշտ չէ՝ վարպետն իր աշխատանքում օգտագործում է իր գաղտնիքները։ «Ես երբեք էսքիզներ չեմ անում, աշխատում եմ ընթացքում և գործնականում մանրամասների մասին չեմ մտածում, ինքնըստինքյան է ստացվում»,- ասել է Կարեն Թերզյանը։ Սիրողական քանդակագործի բրոնզե արվեստի գործերը հայտնի են ոչ միայն Հայաստանում. ցուցահանդեսներ են անցկացվել Ռուսաստանում, Եվրոպայում և Ամերիկայում։ Ամենաթանկ աշխատանքը վաճառվել է չորս հազար դոլարով, իսկ վաճառքից ստացված հասույթը Կարեն Թերզյանը տրամադրել է բարեգործությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը