Անկարան և Բաքուն ցանկանում են Իրանի ադրբեջանցիներին օգտագործել որպես ազդեցության լծակ Իրանի դեմ․
Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների լարվածության ֆոնին Թուրքիան սկսել է բացահայտ պաշտպանել իր ռազմավարական դաշնակից, 44-օրյա պատերազմից հետո դե-ֆակտո սատելիտ Ադրբեջանին: Էրդողանը կրկնում է Ադրբեջանի իշխանությունների թեզերը՝ կապված Իրանում ադրբեջանական գործոնի հետ: Տարբեր գնահատականներով՝ Իրանում ադրբեջանցիների թիվը տատանվում է 15-30 միլիոնի սահմաններում:
Անկարան և Բաքուն ցանկանում են Իրանի ադրբեջանցիներին օգտագործել որպես 5-րդ շարասյուն կամ ազդեցության լծակ՝ իրանական ռազմա-քաղաքական ղեկավարության դեմ:
Թուրքիան փաստացի սպառնում է ոտքի հանել Իրանի ադրբեջանցիներին, եթե այդ երկիրը ռազմական գործողություններ սկսի Ադրբեջանի Հանրապետության դեմ: Իրանը միշտ շատ կոշտ է արձագանքում իր ներքին գործերի մեջ ցանկացած միջամտությանը: Անկարան և Բաքուն, իհարկե, տասնամյակներ շարունակ փորձել են Իրանական Ադրբեջանում ձևավորել իրենց ազդեցության գործակալներին, սակայն Իրանի հատուկ ծառայություններն ու բանակը կանխելու են ցանկացած անջատողականության փորձ:
Թուրք-իրանական գեոպոլիտիկ մրցակցությունը շարունակվելու է, սակայն Անկարան և Թեհրանը խուսափելու են ուղիղ ռազմական բախումներից: Այդուհանդերձ, եթե Ադրբեջանն իր տարածքը տրամադրի տարբեր սուննիական, ջիհադական խմբավորումներին կամ Իսրայելին՝ Իրանի դեմ գործողությունների համար, ապա Ադրբեջանի տարածքն Իրանի զինված ուժերի համար դառնալու է թիրախ: