Վարչապետի օգնականը խեղաթյուրել է մեր խոսքերը. զոհված զինծառայողի մայր (տեսանյութ)
«Ինձ համար զարմանալի է ու վրդովվեցնող, որ բարձր պաշտոն զբաղեցնող անձը իրեն կարող էր թույլ տալ այդպես խեղաթյուրել իրականությունը»,- այս մասին մոմավառությամբ դեպի «Եռաբլուր» ընթացող երթի ժամանակ լրագրողներին հայտնել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազենի Տերտերյանը՝ անդրադառնալով օրեր առաջ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ կայացած հանդիպումից հետո Սարգսյանի այն հայտարարությունը, թե զոհված զինծառայողների ծնողները գոհ են մնացել հադիպումից և համաձայնվել են մասնակցել Անկախության օրվա տոնական միջոցառմանը:
«Մի խումբ ծնողներով հանդիպեցինք Նաիրի Սարգյանի հետ՝ պարզելու, թե ինչ ձևաչափով է անցակցվելու Անկախության օրվա միջոցառումը, ինչ երաժշտության ուղեկցությամբ: Հնարավորությունից օգտվելով՝ փորձեցինք պարզաբանում պահանջել այս մեկ տարում կուտակված հարցերի առնչությամբ: Ինչպես ցանկացած դաստիարակված մարդ, մտանք ներս, ողջունեցինք, իսկ հեռանալիս՝ շնորհակալություն հայտնեցինք հնարավորության համար, բայց կատարվածն արմատապես խեղաթյուրելն անթույլատրելի է: Հանդիպմանը մասնակցած մնացած 15 մայրերը կարող են վկայակոչել, որ իրենցից ոչ ոք գոհունակություն չի հայտնել միջոցառման կազմակերպման համար: Մեզ համար զարմանալի էր, որ երբ մեր երեխաների գերեզմանները դեռ պատրաստ չեն, երբ դեռ իմ որդու զոհվելու մեկ տարին ամսի 30-ին է լրանալու, նման բան է կազմակերպվում: Մեր հարցերը ներկայացրինք, ստացանք միջոցառմանը մասնակցելու հրավեր, բայց մեզնից ոչ ոք այդ հրավերը չի ընդունել, ոչ ոք նման բան մտքով չի անցկացրել»,- ասաց զոհվածի մայրը:
Նրա պնդմամբ՝ հանդիպումից հետո ցուցադրվել է իր տված հարցազրույցից այնքան փոքր հատված, որը կբխեր կառավարության շահերից:
«Մոտ 15 րոպեանոց հարցազրույց է տրվել, որում մեզ հուզող խնդիրները, դժգոհությունների մասին խոսել ենք, և այդ ամենից ներկայացվել է մի փոքր հատված: Հարցեր կան, որոնց պատասխանները ստացել ենք, բայց բազմաթիվ հարցերի պատասխաններ էլ չէինք ստացել, այդ պատճառով էլ օգտագործել էի «մասնակի բավարարված» եզրույթը: Պահանջել ենք բացառել տոն, տոնակատարություն եզրույթները, հնչեցնել միայն դասական, երգեհոնային երաժշտություն, այնպիսին, որը համահունչ կլինի զոհվածների հարազատների հոգեվիճակին: Խնդիրը ձևաչափում ու հնչեցվելիք երաժշտության ոճի մեջ է: Հարիր կլիներ Կոմիտաս, Մակար Եկմալյանի շարականներ լսել, բայց մեր զայրույթն ուղղված է եղել գունագեղ միջոցառման գաղափարին»,- շեշտեց զոհված զինծառայողի մայրը: