801 միլիոն դրամի ոսկի հայկական բանկերում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ առևտրային բանկերը իրենց հաշվետվություններում ներկայացրել են թանկարժեք մետաղների պաշարները՝ բանկային ստանդարտացված ոսկու ձուլակտորների արժեքը:
Ըստ B4B ֆինանսական համակարգի կայքի՝ 2016 թ. 4–րդ եռամսյակի միջանկյալ հաշվետվություններին համապատասխան նախորդ տարվա վերջին հայաստանյան 17 բանկերից 8–ն են իրենց ակտիվներում ունեցել թանկարժեք մետաղներ։ Դրանք են «Ամերիաբանկը», «Արմսվիսբանկը», «Արցախբանկը», «Յունիբանկը», «Հայբիզնեսբանկը», «Պրոմեթեյ» բանկը, «Հայէկոնոմբանկն» ու «Ինեկոբանկը»: Նշված 8 բանկերը միասին 2016 թ. վերջում ունեցել են 801 միլիոն 900 հազար դրամ ընդհանուր արժեքով թանկարժեք մետաղներ։ Ոսկու քանակությամբ առաջին տեղն է զբաղեցնում «Ամերիաբանկը»՝ 351 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ իր ոսկու ձուլակտորներով: Ի դեպ, 2015 թ. վերջին բանկում գտնվող ոսկու ձուլակտորների գումարը ավելի քան չորս անգամ քիչ էր՝ այն կազմում էր 80 միլիոն դրամ:
Ըստ հաշվետվության՝ երկրորդ տեղում է գտնվում «Արմսվիսբանկը», որը ինչպես և «Ամերիաբանկը» նույնպես ավելի քան չորս անգամ ավելացրել է իր ոսկու պաշարները՝ 50 միլիոն 600 հազար դրամից դարձնելով 214 միլիոն 600 հազար դրամի։
Թանկարժեք մետաղների պաշարների քանակությամբ հաջորդ հորիզոնականում է «Արցախբանկը», որը նախորդ տարվա վերջին ունեցել է 132 միլիոն 800 հազար դրամ արժողությամբ թանկարժեք մետաղներ։ Վերջինս այնքան էլ չի ավելացրել իր թանկարժեք մետաղների ծավալը՝ 2015 թ. վերջին բանկում եղել է 121 միլիոն 616 հազար դրամի թանկարժեք մետաղ:
Չորրորդ տեղում է «Յունիբանկը», որի հաշվին 2016 թ. վերջին եղել է 56 միլիոն 73 հազար դրամ ոսկու ձուլակտոր: Ամենից քիչ ոսկի է ունեցել «Ինեկոբանկը», այն է՝ 357 հազար դրամի թանկարժեք մետաղներ, ընդ որում վերջինս պակասեցրել է իր ոսկու ձուլակտորների քանակը: 2015 թ. վերջին բանկում եղել է 1 միլիոն 667 հազար դրամի թանկարժեք մետաղ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: