Իրանի հետ սպառնալիքների լեզվով խոսելը չի կարող արդյունավետ լինել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը
– ԱՄՆ նախագահի միջուկային հարցերով ավագ խորհրդական Քրիս Ֆորդը հայտարարել է, որ ԱՄՆ–ը կհարգի Իրանի հետ կնքված համաձայնագիրը` միևնույն ժամանակ ձգտելով ապահովել, որպեսզի Թեհրանը խստորեն պահպանի այն: Արդյո՞ք սա կարելի է համարել պաշտոնական դիրքորոշում և եթե այո, ապա ինչո՞ւ է Թրամփը փոխում իր քաղաքականությունը:
– Դժվար չէր կանխատեսել, որ նախագահ ընտրվելուց հետո Թրամփի նախընտրական հռետորաբանությունը որոշակի փոփոխությունների կենթարկվի: Այլ բան են ընտրարշավի ընթացքում արված հայտարարությունները, այլ բան են իրական քաղաքականությունն ու այդ ուղեգծի համար պատասխանատվությունը: Բնական է, որ նման հայտարարությունը չափազանց կարևոր է, եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում թե իրանական, թե ամերիկյան կողմից հռետորաբանությունը որոշակիորեն սրվել էր: Առավել ևս, որ Իրանը համարժեք պատասխան էր տալիս ԱՄՆ–ից եկող որոշ դեպքերում նույնիսկ սպառնալից հայտարարություններին: Ուստի գործընթացն ինքնին դրական է: Բացի այդ, հարկ է նշել, որ իրանական կողմը ձգտում է պահպանել միջուկային համաձայնության շրջանակներում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, ինչը, բնականաբար, չի կարող չդիտարկվել ԱՄՆ–ի կողմից:
– Այս հայտարարությունն ունի քաղաքակա՞ն, թե տնտեսական շարժառիթներ:
– Մերձավոր արևելքում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք ստեղծվել են նաև ԱՄՆ–ի նախկին վարչակարգերի` որոշ դեպքերում նույնիսկ անմիտ միջամտությունների արդյունքում: Եվ այս իմաստով Իրանը մերձավորարևելյան տարածաշրջանում կայունության կարևորագույն ապահովողներից մեկն է: Իրանի հետ սպառնալիքների լեզվով խոսելը չի կարող արդյունավետ լինել: Սա քաջ գիտակցում են նաև տարածաշրջանում ներկա արտատարածաշրջանային դերակատարները, մասնավորապես ԱՄՆ–ն: Այս իմաստով Իրանի հետ հարաբերությունների որոշակի մակարդակ պահպանելը, եթե չասենք հարաբերությունների նորմալացումը, բխում է նաև ԱՄՆ–ի շահերից: Մերձավոր արևելքում Իրանի հետ հաշվի չնստել և փորձել այնտեղ իրականացնել լուրջ քաղաքականություն, բավականին բարդ խնդիր է: Եվ այդ խնդիրը հաջողությամբ չի կարող լուծվել առանց իրանական կողմի` առնվազն լոյալությունը վաստակելու:
– Տեսակետ կա, որ ԱՄՆ–ի դիրքորոշման փոփոխությունը կարող է ուղղված լինել սիրիական հարցում ՌԴ–Իրան համագործակցության դեմ:
– Իրանի քաղաքականությունը բազմավեկտոր է: Ռուսաստանի հետ հատկապես սիրիական հարցում սերտացած գործակցությունը բոլորովին չի նշանակում, թե իրանցիները չեն համագործակցելու կամ չեն պատրաստվում գործակցել այլ ուժերի, դերակատարների հետ: Գուցե այս համատեքստում դիրքորոշման փոփոխությունը նման ենթատեքստ ունենա, բայց դա պայմանավորել միայն ռուս–իրանական հարաբերություններին որոշակի հարված հասցնելու հանգամանքով, սխալ կլիներ: Բնական է, որ ներկայում ԱՄՆ–ի վարչակարգը արդեն ոչ թե նախընտրական քարոզարշավի մեջ է, այլ պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկի, իսկ դրանք ենթադրում են հարաբերությունների որոշակի մակարդակ կամ գոնե լարվածության նվազմանը միտված քայլեր Իրանի հետ երկկողմ կապերի համատեքստում:
– Իսրայելը ԱՄՆ–ի գլխավոր գործընկերն է: Հաշվի առնելով Իսրայելի և Իրանի թշնամական հարաբերությունները` վերոնշյալ հայտարարությունն ի՞նչ արձագանք կգտնի Թել–Ավիվում:
– Պետք է նկատի առնել, որ ԱՄՆ–ն իր քաղաքականությունը ծրագրելիս և իրականացնելիս առաջնորդվում է, ինչպես իրեն հարգող ցանկացած պետություն, սեփական շահերով և տնտեսական ու քաղաքական օրակարգով: Նախորդ վարչակարգի օրոք էլ Իսրայելն ամեն ջանք գործադրում էր, որպեսզի տապալվի Իրանի հետ միջուկային համաձայնագրի ստորագրումը: Եթե ԱՄՆ–ի ներկայիս վարչակարգը իրոք որոշել է փոխել մոտեցումները Իրանի հանդեպ, չեմ կարծում, թե որևէ պետություն կամ լոբբիստական խումբ կկարողանա լրջորեն ազդել այդ քաղաքականության վրա: Անշուշտ, կլինեն փորձեր, բայց դրանք դատապարտված են ձախողման կամ կունենան ոչ լիարժեք արդյունավետություն:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: