«Գործարանատերերը դիտավորյալ են խաղողը պահում դրսում՝ արևի տակ, որ խաղողի գրադուսը իջնի»
Խաղողագործների դժգոհությունը խաղողի մթերման գնի հետ կապված շարունակվում է: Սակայն, ըստ մամուլում տարածված լուրերի, գյուղացիները խաղողը հանձնում են 105 դրամով, որը ցածր է ինքնարժեքից: Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Ժողովրդավարական Արարատ» հասարակական կազմակերպության նախագահ Հենրիկ Ավագյանի հետ, որը մեզ հետ զրույցում հաստատեց՝ գյուղացիները համաձայնել են այդ գնին և վաճառել են իրենց խաղողը՝ «օրվա հացը ունենալու համար»: «Գյուղացին ինչ հող տա իր գլխին, ի՞նչ անի. խաղողը առել եկել է գործարանի դուռը, 3 օր գործարանը պահել է խաղողը, նորից էլի 100 դրամ է տվել այդ մարդու խաղողի համար, պատճառաբանելով՝ թթվել է, գրադուսը չի գալիս: Ամեն դեպքում չգիտեմ՝ ինչ կլինի, գյուղացիները գալիս են, բողոքում են ու նորից գնում են տուն, ուրիշ ելք չկա»,- նշեց խաղողագործը:
Վերջինս բացառեց խաղողի մթերման գնի բարձրացումը. «Խաղողի մթերման գինը չեն բարձրացնի, որովհետև գործարանները արհեստական հերթեր սարքեցին: Իրենց մեքենաները ուղարկում են, 105 դրամով ժողովրդի ձեռքից առնում են, տանում են գործարան ու հանձնում: Այս ամենը գործարանի տերերն արեցին: Բացառում եմ, որ հնարավոր է բարձրանա խաղողի մթերման գինը, քանի որ իմ խաղողը եկել էր 22 գրադուս, ասում է՝ էլի նույն գինն է, բայց ինչի՞: Չէ որ գրադուս ես տալիս, մի աստիճան ներքև է լինում, օրինակ՝ 17 աստիճան, տալիս են 120 դրամ, բա իմ խաղողի գրադուսն էլ 18-ից բարձր է, բա ինչո՞ւ չեք ավելացնում գումարը»,- պարզաբանեց Հենրիկ Ավագյանը:
Նա այն կարծիքին է, որ գործարանատերերը դիտավորյալ են այնպես անում, որ գյուղացիների խաղողի գրադուսը իջնի . «Գործարանների մեքենաները գյուղացիներիրց փողը վերցնում են, հետևի դռնով խաղողը դատարկում են և հանում դուրս: Իսկ այն հերթը, որ գյուղացիները պահում են, այնտեղից որևէ մեքենա չի գալիս, գյուղացիները 3 օր կանգնում, հերթ են պահում: Գործարանատերերը դիտավորյալ են խաղողը պահում դրսում՝ արևի տակ, որ խաղողի գրադուսը իջնի»,- եզրափակեց խաղողագործը: