Փորձել են բերման ենթարկել ՀԺ–ի լրագրողին, բայց ճանապարհի կեսից փոշմանել են. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ առավոտյան Երևան–Աբովյան մայրուղուց, Աբովյանի «գայի պոստից» մի փոքր ներքև, դեպի «Առինջ մոլ» տանող խաչմերուկի մոտակայքից ոստիկանները քաղաքացիական ավտոմեքենայով բերման են ենթարկել «Հայկական ժամանակ օրաթերթի» լրագրող Տիրայր Մուրադյանին: Բերման ենթարկվելու մասին նա հասցրել էր տեղեկացնել ֆեյսբուքյան իր էջում: Կա նաև «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութը, որտեղ երևում է՝ ինչպես են ոստիկանները լրագրողին բռնի ուժով մեքենա նստեցնում, անարձագանք թողնելով Տիրայրի՝ լրագրող լինելու մասին խոսքը, բեյջը ցույց տալու փաստը:
«Փաստ»–ի հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, թե լրագրողին բերման չեն ենթարկել, մի քանի մետր այն կողմ իջեցրել են:
Մեզ հետ զրույցում Տիրայր Մուրադյանը նշեց, որ իրեն ցանկանում էին տանել Աբովյան քաղաքի ոստիկանական բաժին, բայց ճանապարհին ոստիկաններին զանգել էին ու ասել՝ պետք չէ տանել բաժին, հե՛տ բերեք:
«Ցանկանում էին ինձ մի գազալցակայանի մոտ իջեցնել, բայց ես ասացի՝ մոտս գումար չկա, տարե՛ք նույն տեղը իջեցրեք: Սկզբում ես որոշել էի գնալ բաժին և հաղորդում տալ այս ամենի մասին, բայց փոշմանեցի: Փաստաբանս ասաց՝ մի գնա, քեզ ժամերով անիմաստ պահելու են բաժնում, մենք քո փոխարեն հաղորդում կտանք»,– պատմեց Տիրայրը:
Տիրայրին հասցրել էին Աբովյանի ոստիկանական բաժնի մոտ և ասել, թե ավտոմեքենայի գազը վերջացել է: Ապա՝ 5 րոպե անց տաքսի էին գտել ու նրան հետ ուղարկել նույն տեղը:
«Իրենք տեսել էին իմ բեյջը, ես գոռում էի, որ լրագրող եմ: Մի հատ գնդապետ կար այդտեղ, ասաց՝ մտցրե՛ք, տարե՛ք ու ձեռքը դրեց գլխիս, նստեցրին մեքենան»,– նշեց նա:
Իրականում որն է եղել պատճառը, որ լրագրողին անհիմն կերպով փորձել են բերման ենթարկել, հայտնի չէ: Տիրայր Մուրադյանը պարզապես մյուս լրագրողների պես նկարում էր քաղաքացիական հագուստով անձանց կողմից քաղաքացիական համարներով մեքենաներով մարդկանց բերման ենթարկելը: Տիրայրը այդ պահին Ֆեյսբուքով ուղիղ եթեր էր մտել, նրանից բացի տարածքում այլ լրագրողներ էլ կային, ովքեր նույնպես նկարում էին այդ գործընթացը:
Հիշեցնենք նաև, որ երեկ Տիրայր Մուրադյանը քաղաքացիական հագուստով անձանց կողմից հարձակման էր ենթարկվել: Նրան հարվածել էին, ինչի հետևանքով երիտասարդ լրագրողը գլխի սալջարդ էր ստացել: Մեր հարցին, թե հիմա ինչպես է իրեն զգում՝ պատասխանեց. «Լավ եմ»:
Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում երեկ նշել էր, թե քաղաքացիական հագուստով բերման ենթարկելու գործողություն իրականացնող անձինք ոստիկանության ծառայողներ են, որոնց գործողությունների համար ամբողջ պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում