Շիրակի մարզի Հովունի համայնքում սերմացուի «լվացման» գործ է բացահայտվել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մոտ 5 տարի առաջ 10 միլիոն դրամի յուրացում կատարելու մեղադրանքով ձերբակալվել էր Շիրակի մարզի Հովունի գյուղի 17 տարվա գյուղապետ Թելման Միրիջանյանը:
Ըստ քրեական գործի՝ Միրիջանյանը բնակիչներից 3 մլն 200 հազար դրամի հողահարկ էր գանձել, սակայն այն գյուղապետարանի բյուջե չէր մուտքագրել: Ավելին, կեղծ փաստաթղթերի միջոցով գյուղապետարանի դրամարկղից ելքագրել ու 6 մլն 200 հազար դրամ է յուրացրել:
Հիմա էլ Շիրակի մարզի դատախազությունում կատարված հերթական ուսումնասիրությամբ պարզվել է, որ աշնանացան ցորենի սերմացուի ձեռք բերման ու բաշխման գործընթացի ժամանակ ՀՀ Շիրակի մարզի Հովունի համայնքի նախկին ղեկավարը 2011–2016 թվականների ընթացքում «2010–2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման» ծրագրի և ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 31–ի N 1001–Ն որոշման շրջանակներում հատկացված սերմացուի դիմաց վճարումներ չկատարելու պատճառով Շիրակի մարզի հողօգտագործողների կողմից «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ–ի հանդեպ կուտակել է 118, 8 մլն դրամի պարտք:
Պարտքը մարելու համար ՊՈԱԿ–ը դիմել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով, որ ՀՀ Շիրակի մարզպետարանից մոտ 130 մլն դրամ գումար բռնագանձեն, սակայն ՀՀ կառավարության 2017թ. դեկտեմբերի 7–ի՝ «ՀՀ պետական աջակցության ծրագրերի շրջանակներում 2011–2016 թվականներին հատկացված սերմացուների, 2015–2016 թվականների հատկացված ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի դիմաց ձևավորված պարտքերի ներման մասին» պետական աջակցության ծրագրի շրջանակներում ձևավորված պարտքի հավաքագրման գործընթացը դադարեցվել է:
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ Շիրակի մարզի Հովունի համայնքը 2014–2016 թվականների ընթացքում առաջին վերարտադրության ցորենի սերմացուի դիմաց կուտակել է ընդհանուր մոտ 3,3 մլն դրամի պարտք:
Նույն համայնքի բնակիչներին հատկացված սերմացուների դիմաց վճարումների և պարտքերի մասին կազմված և համայնքի ղեկավարի կողմից կնքված ու ստորագրված ցուցակների համաձայն պարզվել է, որ համայնքի թվով 37 բնակիչների հատկացվել է ընդհանուր 21 հազար կգ սերմացու, սակայն համայնքի բնակիչները 2015թ. ընթացքում ստացած սերմացուի դիմաց համայնքի նախկին ղեկավար Թելման Միրիջանյանին վճարել են ընդհանուր 892 հազար դրամ գումար, որը, սակայն համայնքի բյուջե չի մուտքագրվել:
Համայնքի 11 բնակիչ սերմացուի դիմաց կուտակած շուրջ 752 հազար դրամի պարտավորությունները փոխհատուցել է բնեղենով՝ համայնքի ղեկավարին ցորեն են հանձնել, սակայն այն նույնպես փաստաթղթային ձևակերպում չի ստացել, իսկ դրանց իրացումից ստացված գումարները համայնքի բյուջե չեն մուտքագրվել:
Համայնքի 4 բնակիչ ընդհանրապես սերմացու չի ստացել, բայց նրանց անվամբ դուրս է գրվել 272 հազար դրամ արժողությամբ 1700 կգ սերմացու, որի արդյունքում նույնպես պարտքեր են կուտակվել:
Պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման կամ վատնման միջոցով խոշոր չափերով հափշտակություն կատարելու հատկանիշներով ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179–րդ հոդվածի 2–րդ մասի 1–ին և 3–րդ կետերի հատկանիշներով: Կատարվում է քննություն:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում