ՌԴ քաղաքացին Բաքվի հանձնարարությամբ ռմբակոծել է Հայաստանի տարածքը․ դատավարություն՝ Երևանում
«Առաջին լրատվական»-ը գրում է.
1994 թվականի փետրվարի 17-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄԻԳ-21 ինքնաթիռը կեսօրին ներխուժել էր ՀՀ օդային տարածք, ռմբակոծել էր Վարդենիսի շրջանի Սոդք ավանի մոտակայքում գտնվող ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի և ավանը սնուցող էլեկտրաենթակայանի միջև ընկած ամայի տարածքը: Մարտական առաջադրանքը, պարզ է, ոչ թե այդ ամայի տարածքի, այլ՝ ֆաբրիկայի ու ենթակայանի ռմբակոծությունն էր, որով ստրատեգիական վնաս կհասցվեր Հայաստանին:
Օդաչուն վրիպել էր: Ռմբակոծության հետևանքով զոհեր, ավերածություններ չէին եղել:
Երբ օդաչուն ռմբակոծությունն ավարտել էր, շրջադարձ էր կատարել, որ հեռանա ՀՀ օդային տարածքից, բայց նրա ինքնաթիռն արդեն հայտնվել էր հայկական հակաօդային պաշտպանության հրթիռակայանքի հսկողության տակ:
Օդաչուի համար պարզ էր, որ թակարդն է ընկել՝ միացել էր հատուկ ազդանշանային համակարգը:
Մինչ օդաչուն ճողոպրելու փորձեր էր արել, հայկական հակաօդային պաշտպանության հրթիռակայանքի հաշվարկի հրամանատար Արտավազդ Փիլիպոսյանի արձակած հրթիռը նպատակակետին էր հասել՝ շարքից հանել էր թշնամու ինքնաթիռը:
Օդաչուն հասցրել էր ինքնանետվել խոցված ինքնաթիռից: Ինքնաթիռը ջախջախվել էր մոտակա լեռան ստորոտում:
Վարդենիսի շրջանի երկրապահ ջոկատի մարտիկները հայտնաբերել ու գերել էին օդապարիկի մեջ խճճված օդաչուին:
Պարզվել էր՝ ադրբեջանցի չէ: Վարձկան է:
45 տարեկան Մարատ Իշկնեևը ազգությամբ թաթար էր, Ռուսաստանի քաղաքացի, կրթությունը՝ բարձրագույն, մասնագիտությունը՝ կործանիչ օդաչու:
Ծառայել էր ԽՍՀՄ ռազմաօդային ուժերում:
1990 թվականին առաջին կարգի օդաչու Իշկնեևը կապիտանի կոչումով անցել էր կենսաթոշակի, բնակություն էր հաստատել Ալթայի երկրամասի Նովոալթայսկ քաղաքում: Ամուսնացած էր: Խնամքին՝ երկու անչափահաս երեխա:
1993 թվականին ծանոթներից մեկից տեղեկացել էր, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար վարձկան օդաչուներ են հավաքագրում:
Մեկնել էր Բաքու, ծանոթացել էր պայմաններին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: