Ֆորտ Բոյարի առեղծվածային պատմությունը....
Ֆորտ Բոյարի կառուցման առաջարկությունը եղել է դեռևս 1666 թվականին Ռոշֆորի ռազմական բազայի կառուցումից հետո։ Բայց Սեբաստիան Լե Պրետր դե Վոբանը հակաճառում է Լյուդովիկոս 14–րդ-ին՝ ասելով. «Սեր, ավելի լավ է Լուսինն ատամներով բռնել, քան այդտեղ ամրություն կառուցել»։ Շինարարությունն ի վերջո սկսվում է 1801 թվականին՝ Նապոլեոն 1–ի օրոք՝ Ռոշֆոր քաղաքի մատույցները բրիտանացիների հարձակումներից պաշտպանելու համար։ Այն ժամանակներում հրետանու հեռահարությունը կարճ էր, իսկ երկու կղզիների հեռավորությունն ավելի մեծ էր, որը հնարավորություն չէր տալիս ափին դրված հրետանուն, կրակի տակ պահել նեղուցը։ Ֆորտի շինարարությունն իրականացվում էր քարերով, որոնք դրվում էին անմիջապես ծովի հատակին։ 1809 թվականին ամրության շինարարությունը կանգ է առնում տեխնիկական դժվարությունների պատճառով (քարերը իրենց իսկ ծանրությունից ընկղմվում էին տիղմի շերտերում)։ Շինարարությունը վերսկսվեց 1837 թվականին՝ Լուի Ֆիլիպի գահակալության օրոք, երբ Անգլիայի հետ հարաբերությունները կրկին լարվեցին։ Ամրության շինարարությունը տևեց 20 տարի, 1857 թվականին այն արդեն պատրաստ էր։ Երբ շինարարությունն ավարտվեց, հրետանու հեռավորությունն արդեն կտրուկ ավելացել էր և ամրության նշանակությունը որպես ռազմական հենակետ նվազեց։
Սկսած 1980 թվականից Ֆորտ Բոյարի նկատմամբ հետաքրքրություն է դրսևորում հեռուստատեսությունը։ Մասնավորապես՝ Ֆիլիպ Դե Դելևելը, «Գանձեր որոնողները» հանրաճանաչ հաղորդաշարի վարողը, որի հաղորդումներից մեկում հերոսը պետք է Ֆորտ Բոյարում գտներ Նապոլեոնի ծխախոտատուփը։ Նույն թվականին Ռոշֆորի առևտրային պալատը Ֆորտ Բոյարը վերակառուցելու առաջարկություն է ստանում։ Սակայն ոչ մեկին այդ առաջարկը չի հետաքրքրում։ 1989 թվականին Էրիկ Էրտը 1.5 միլիոն ֆրանկով վաճառում է Ֆորտ Բոյարը հեռուստախաղերի պրոդյուսեր Ժակ Անտուանին, որն իր շոուի համար տարածք էր փնտրում։ 1989 թվականին սկսվում է Ֆորտ Բոյարի վերակառուցումը։ Շինությունից 25 մետր հեռավորության վրա կառուցվում է նավամատույցի հարթակ՝ նավերի մոտենալու համար։ Սարքավորումներով հագեցվում են 2 սրահները՝ համանուն հեռուստախաղի համար։ 1996 թվականին վերականգնվում են նաև հրետանային պլատֆորմները։ Սակայն Ֆորտ Բոյարը դեռևս ծովի քարուքանդ անող հարվածներին էր ենթարկվում։ Լիովին մաքրվում են արտաքին պատերը։ Աշխատանքների ավարտական փուլում վերականգնվում է հիմնական բանակը (2003-2004 թվականներին)։