Գյուղացու վրա «հալ» չկա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արարատի մարզի Ջրահովիտ համայնքում գյուղաշխատանքներն առաջ տանելու հարցում մշտապես դժվարին վիճակում են հայտնվում: Գյուղտեխնիկա չկա: Վարուցանք անելու համար ջրահովիտցին մարզի մյուս համայնքներ է հասնում տեխնիկա գտնելու նպատակով: Գյուղտեխնիկայի սակավության պատճառով հաճախ ջրաշենցու հողն անմշակ է մնում: «Ոչ մի տեսակի տեխնիկա չկա, «յոլա» ենք տանում գյուղաշխատանքները»,– «Փաստ»–ի հետ զրույցում բողոքեցին նրանք:
Գյուղատնտեսության նախարարությունն այսօր տեխնիկա չունեցող գյուղացուն հողն անմշակ չթողնելու հնարավորություն է տալիս: Նախարարությունը նախորդ տարվանից գյուղտեխնիկայի պարկի թարմացման ծրագիր է սկսել: Առաջարկվող գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են` 20% կանխավճար, տարեկան տոկոսադրույքը` 9%, որից 7%–ը սուբսիդավորվում է պետության կողմից: Արդյունքում ֆերմերը վճարում է 2% լիզինգային տոկոսադրույք, 3–10 տարի մարման ժամկետում` կախված տեխնիկայի տեսակից: Այս հնարավորությունից, սակայն, ջրահովիտցին օգտվել չի կարող:
«Վախենում ենք ռիսկի դիմել, այդքան հնարավորություն չունենք, էսօր սաղ գյուղվարկերի տակ են, հազիվ մի բան են վաճառում, տանում վարկի տոկոսները վճարում, էլ ո՞նց կարան մի հատ էլ վարկի տակ մտնեն, տեխնիկա վերցնեն: Հազիվ մի երկու կոպեկ են աշխատում, իրենց էրեխեքի ուսման վարձն են տալիս, օրվա հաց է, էս է, էն է»,– ասացին հողագործները:
Ջրահովիտում հիմնականում բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ են զբաղվում: Կան նաև հացահատիկի ու եգիպտացորենի ցանքատարածություններ: Հողից գյուղացին չնչին եկամուտ է ստանում:
Գյուղացիների խոսքով` ավելի շատ վերավաճառողներն են օգտվում, քան հողագործը, ուստի՝ գյուղտեխնիկայի ձեռքբերման նպատակով նոր պարտքի տակ մտնելու հնարավորություն չունի:
Գյուղտեխնիկայի բացակայությունը նույն խնդրի առաջև է կանգնեցրել Արմավիրի մարզի Գայ համայնքի բնակիչներին:
«Գյուղացու վրա «հալ» չկա: Էլ գյուղացու վրա «հարաքյաթ» կա՞, որ կարա լիզինգով գյուղտեխնիկա ձեռք բերի, սաղ բանկերին տալիք են: Մի բանկից վարկ են վերցնում, որ մյուսի վարկը փակեն: Գյուղացին հիմա, էն օրին չի, որ կարողանա մեխանիզացիա գնի»,– գանգատվեցին Արմավիրի մարզի Գայ համայնքի բնակիչները:
Այս համայնքի բնակիչները սեզոնին ավելի շատ հարևան գյուղերում են լինում՝ գյուղտեխնիկա գտնելու հույսով: Հողագործությամբ զբաղվողները վարձակալության պայմաններով են օգտվել գյուղտեխնիկայից: Գայում պնդում են` իրենք գյուղատնտեսությունից ստացվող եկամուտով չեն կարող տեխնիկա գնել:
Ըստ Գյուղատնտեսության նախարարության՝ ծրագրի շրջանակներում տարեկան Հայաստան կներկրվի 2,8 մլրդ դրամի գյուղտեխնիկա: Անցած տարվա ընթացքում լիզինգի պետական ծրագրով գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 165 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 67 տրակտոր, 2 կոմբայն և 88 միավոր այլ գյուղտեխնիկա:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում