Կուսակցությունները չեն ցանկանում, հասարակ քաղաքացիներն էլ վախենում են Պարույր Հայրիկյանի առաջարկից. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեկ միասնական ճակատով հանդես գալու համար բոլոր քաղաքական կուսակցություններին, բացի ՀՀԿ–ից, առաջարկել է համախմբվել և ժողովրդավարական դաշինք ստեղծել: Հայրիկյանի ներկայացմամբ` դրա նպատակը ոչ թե առաջիկա խորհրդարանում մի քանի աթոռ զբաղեցնելը պետք է լինի, այլ կուսակցությունների ավելի լայն կոնսոլիդացիա ապահովելը, որպեսզի հնարավոր լինի երկրում շոշափելի փոփոխություններ իրականացնել:
ԱԻՄ առաջնորդը նաև հայտարարել էր, որ իր այդ առաջարկն ուժի մեջ կլինի մինչև նախորդ տարեվերջ և եթե կուսակցությունները չհամախմբվեն, ապա նա կհայտարարի հասարակությանն ավելի լայն ձևաչափով միավորելու և «Ժողովրդավարական Հայաստան» միավորում ստեղծելու մասին:
Հայրիկյանի առաջարկին ի պատասխան պահպանողական կուսակցությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք նախընտրում են եվրոպական կողմնորոշման դաշինք ստեղծել: Մնացած կուսակցությունները, որոնք նույնիսկ նստավայր չունեն, նշել են, որ իրենք էլ իրենց հերթին են ցանկանում սեփական դաշինքով մասնակցել ընտրություններին: Անհասցե կուսակցությունների ներկայացուցիչների նման պատասխանը, սակայն, քաղաքական գործչի կարծիքով` հուշում է այն մասին, որ նրանք հետին նկատառումներ ունեն, որն ընդամենը պառլամենտում մի քանի աթոռ զբաղեցնելն է:
Հայրիկյանի նշած բոլոր ժամկետները սպառվել են և հետաքրքիր էր, թե համախմբման փորձն այս պահին ինչ ընթացքի մեջ է: «Փաստի» հետ զրույցում ԱԻՄ նախագահն ասաց, որ կուսակցություններին համախմբելու փորձը ձախողվել է, քանի որ Հայաստանում հասարակության ընդհանրական ճակատագրով մտահոգ կուսակցություններ իրականում չկան:
«Եթե անգամ կան անհատներ կամ խմբեր, որոնք հանդես են գալիս կուսակցությունների անվան տակ, ապա դրանց հիմնական մասը, ցավոք սրտի, հետին նկատառումներով առաջնորդվող անհատներ կամ ուժեր են: Ուստի առաջին ծրագիրը դրեցինք մի կողմ և հիմա աշխատում ենք երկրորդ ծրագրով»,– ասաց Պ. Հայրիկյանը:
Երկրորդ ձևաչափը՝ «Ժողովրդավարական Հայաստան» միավորումը, քաղաքացիական նախաձեռնություն է և եթե հասարակությունը շարունակի նույն տեմպերով արձագանքել, ապա քաղաքական գործչի կարծիքով չի բացառվում, որ հնարավոր լինի բավականին լավ արդյունքի հասնել:
«Զգալի թվով մարդիկ անձնական նամակներով դիմում են մեզ, բայց ասում են, որ վախենում են, որ իրենց աշխատանքից կհեռացնեն կամ կսկսեն հետապնդել իրենց: Ուստի առաջարկում են գաղտնի համագործակցել իրենց հետ: Ես ասում եմ կարելի է նաև նման ձևաչափով համագործակցել, սակայն՝ դա ողջունելի չէ, քանի որ մենք հրապարակային գործունեություն ենք ծավալում: Բայց կան նաև հրապարակային գործունեություն ծավալելուն պատրաստ անհատներ նույնպես: Այնպես որ մեր նախաձեռնության արդյունքներն ավելի տեսանելի կլինեն առաջիկայում»,– ասաց Պ. Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդը նշեց նաև, որ դրանից բացի հանդիպումներ է ունեցել նաև մի շարք հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ամարասի Արթուրի և Սեյրան Օհանյանի հետ, սակայն նախընտրելի է համարում գրանցված կուսակցությունների հետ աշխատելը: Ու եթե կուսակցություններին չհաջողվի միավորվել, ապա բոլորը միասին կարող են ձախողվել:
«Ընդդիմությանը պետք է ոչ թե 51, այլ 70% ձայն ստանալ, որպեզի կարողանանք երկրում իրավիճակ փոխել: Խոսքը համազգային դաշինք ստեղծելու մասին է, բայց պարզվում է, որ ազգի խնդիրներով մտահոգ կուսակցություններ չկան»,– ասում է Պ. Հայրիկյանը:
Նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համագործակցությունը նույնպես ընդունելի է ԱԻՄ առաջնորդի համար, քանի որ նախկինում իր առաջարկներին չմիացած անձանցից միայն բանակում ծառայողների դեպքում կարելի է ասել, որ նրանք ոչ թե մեր երկրի անպարկեշտ քաղաքացիներ են եղել, այլ բանակում ծառայելով ԱԻՄ–ի գործն են կատարել:
«Այնպես որ, եթե որևէ մեկը, այդ թվում՝ Սեյրան Օհանյանը, մեր պայքարի տարիներին ծառայել է բանակում, ապա նրանց հասցեին որևէ քննադատական խոսք ասել հնարավոր չէ»,– ասաց Պ. Հայրիկյանը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: