Հետտոնական սթրես կամ հրաշքին հավատալու ավարտը . «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Տոներն ավարտվեցին, և ժամանակն է հաղթահարել հետտոնական սթրեսը: Մարդկանց մի հատվածի մոտ այն հաղթահարելը շատ դյուրին է ստացվում, մյուսների մոտ՝ մի փոքր ավելի դժվարությամբ:
Հոգեբան Աննա Բադալյանի կարծիքով՝ հոգեբանական տեսանկյունից հետտոնական սթրեսը կապված չէ Սուրբծննդյան տոների հետ:
«Հետտոնական սթրեսը երազների, երազանքների, հույզերի, հրաշքին հավատալու ավարտն է: Յուրաքանչյուր մարդու մեջ կա այդ երեխան: Նա օգնում է, որ մարդն ավելի կենսունակ դառնա: Ու երբ այդ ամենն ավարտվում է, մարդը վերադառնում է առօրյային: Իսկ առօրյան շատ հաճախ կարող է սթրեսածին լինել: Առօրեական կյանքի կրկնությունը ևս կարող է ազդել այդ սթրեսի առաջացման վրա: Այսինքն՝ վերացավ այն, ինչը որ ուրախ էր ու լավ էր»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց հոգեբանը՝ հավելելով, որ այս տեսանկյունից արդեն 2019 թվականին կարող ենք այլևս չանդրադառնալ հետտոնական սթրեսին, որովհետև արդեն կարճ հանգստյան օրեր կունենանք:
Հետտոնական սթրեսի «զոհերին» զուգահեռ, հոգեբանն իր պրակտիկայում ավելի հաճախ այլ տրամադրվածություն ունեցող մարդկանց է հանդիպել:
«2016 թ.–ին մարդկանց մեծամասնությունը աշխատանքի գնալու ցանկություն էր հայտնել, որովհետև այնտեղ իրենց ավելի նշանակալի են զգում, իրենց համար ավելի կարևոր է աշխատանքը, դրսևորվելը: Նշված հանգամանքները շատ կարևոր փաստարկներ են: Սրանք խթանում են, որ մարդը իրեն անհատականություն զգա: Ես ավելի շատ բողոքներ եմ լսել: Մարդիկ ասում էին, որ հոգնել են տանը նստելուց, ցանկանում են աշխատանքի գնալ: Հետո, մի ստիմուլ էլ կա, որն, այնուամենայնիվ, աշխատանքի գնալու ցանկություն է առաջացնում: Գումարները նվազում են, և պետք է գնալ ու աշխատել: Եվ, առհասարակ, մարդու տեսակից է կախված: Մարդ կա՝ իր համար ամբողջ օրը տոն է: Իհարկե, տոն ասվածը մի քիչ հարաբերական է, կախված նրանից, թե ով ինչպես է ընկալում և պատկերացնում այն»,– ընդգծեց հոգեբանը:
Նրա խոսքով, աշխատանքի գնալու դժվարությունները հիմնականում առաջանում են երկարատև հանգստից հետո:
«Ֆիզիոլոգիապես և հոգեբանորեն երկար ժամանակ աշխատանքային գործընթացում չլինելը, և հատկապես ճանաչողական հանգիստն օգնում են մարդուն կտրվել այդ ամենից: Առհասարակ մարդն ունի հարմարվելու հոգեբանական և ֆիզիոլոգիական ունակություն: Իսկ տոների ժամանակ այդ ունակությունները որոշակիորեն թուլանում են: Բայց այս դեպքում աշխատանքային ռիթմի մեջ մտնելու գործընթացը, հավատացեք, որ ամենաշատը մեկ օր է տևում, կամ ամենաքիչը՝ կես աշխատանքային օր: Մարդն արդեն արագ հարմարվում է, եթե հատկապես սիրում է իր աշխատանքը: Իսկ եթե հակառակն է, ուրեմն մարդը ներքին կոնֆլիկտ ունի: Ներանձնային կոնֆլիկտը այդ պահին դրսևորվում է աշխատանքի չգնալու ցանկությամբ: Նման խնդիրները տոների հետ առանձնապես կապ չունեն»,–նշեց Ա. Բադալյանը:
Հոգեբանի դիտարկմամբ՝ ընդհանրապես, եթե մարդը ներքին կոնֆլիկտ է ունենում, շատ խոցելի է լինում:
«Նա, որպես թիրախ, ինչ–որ պատճառ և հետևանք է գտնում: Արդյունքում իր դժգոհությունը դրսևորվում է հենց այդ պատճառների մեջ: Բայց իրականում խնդիրն այդ պատճառների մեջ չէ, խնդիրն ավելի խորքային է և կապված է ներանձնային կոնֆլիկտի հետ»,– եզրափակեց մեր զրուցակիցը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում